Պուտինն ու Լուկաշենկոն այսօր դարձյալ քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Լուկաշենկոն այսօր դարձյալ քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի շարունակել են քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով նաև արտաքինից երկրի վրա ճնշում գործադրելու հարցը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ մեջբերելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը:

«Ռուսական կողմը վերահաստատել է ծագած խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անրաժեշտության դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախագահները ևս մեկ հեռախոսազրույց էին ունեցել նախօրեին՝ քննարկելով Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո տիրող իրավիճակը: Ավելի ուշ Բելառուս առաջնորդը հայտնել էր, որ առաջին իսկ հարցման դեպքում Ռուսաստանը աջակցություն կցուցաբերի երկրում անվտանգության ապահովման համար:

Նախագահների հեռախոսազրույցից ժամեր անց ՀԱՊԿ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ Բելառուսը կազմակերպությունից օգնություն կարող է խնդրել, երբ երկրի պաշտպանությանն արտաքին վտանգ սպառնա:

Ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում Բելառուսի տարբեր քաղաքներում. քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների պաշտոնական արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում