ՀՖՖ ղեկավարությունը վիրավորել է մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին և նրա մորը. Սուրեն Բաղդասարյան (տեսանյութ)

ՀՖՖ ղեկավարությունը վիրավորել է մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին և նրա մորը. Սուրեն Բաղդասարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄեր հավաքականի խաղամակարդակը բավարար չէ, գլխավոր մարզիչ Կապառոսը լուրջ սխալներ թույլ տվեց, դա պայմանավորված էր նաև հավաքականի տևական դադարով. ամեն դեպքում, մեր ընտրանին կարող էր հաղթել նաև Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:

«Ֆուտբոլի ֆեդերացիան վիրավորանք է հասցրել Հենրիխ Մխիթարյանին և նրա մորը, այդ պատճառով նա հավաքականում չէ: Այս շրջափուլը շատ կարճ է, մենք կսպասենք, տեսնենք՝ նա գալո՞ւ է: Հենրիխը մեծ հայրենասեր է, որևէ մեկը չի կարող նրան մեղադրել: Նա ամբողջ ազգի կուռքն է, նրան պետք է գնահատել: Իտալիայի հետ խաղում 9:1 ամոթալի հաշիվը կապված էր հենց Հենրիխի հանդեպ ֆեդերացիայի վերաբերմունքի հետ»,- ասել է ֆուտբոլային մեկնաբանը:

Ըստ Բաղդասարյանի՝ ՀՖՖ-ում այսօր խայտառակ վիճակ է, կարևորագույն հարցը Մխիթարյանի վերադարձն է հավաքական. «Ֆեդերացիայի այսօրվա ղեկավարությունը՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, տարիներ շարունակ Ռուբեն Հայրապետյանի մտերիմ անձինք էին, մինչդեռ մեղադրում էին Մխիթարյանի մորը՝ Մարինա Թաշչյանին, Հայրապետյանի հետ ունեցած կապերի համար: ՀՖՖ-ի և ֆուտբոլիստների միջանձնային խնդիրները չպետք է խոչընդոտ լինեն նրանց հայտավորելու ճանապարհին»:

Ֆուտբոլային մեկնաբանի կարծիքով՝ Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները մեր հավաքականի «ոսկե սերունդն» են, ինչպես «Արարատ-73»-ը՝ խորհրդային տարիներին. «Այսօր մեր ընտրանին կտրուկ թարմացվել է, բայց պետք է հասկանալ՝ ինչպես կլուծվի Մխիթարյանի և ՀՖՖ-ի հարաբերությունների հարցը: Հոկտեմբերին Ազգերի լիգայի շրջանակում Վրաստանի հավաքականի հետ պիտի հանդիպենք, դա առանձնահատուկ դիմակայություն է լինելու: Ռուբեն Հայրապետյանն, օրինակ, ֆուտբոլի ֆանատ էր, ամեն ինչ անում էր հավաքականի համար, նրա շնորհիվ հավաքականում առողջ մթնոլորտ էր, թեև առանձին դեպքերում, այո՛, երբ պարտվում էինք, նա ափերից դուրս էր գալիս»:

Սուրեն Բաղդասարյանի պնդմամբ՝ ֆուտբոլային ակումբներն առանձին սուբյեկտներ են, դրանք համալրվում են հիմնականում լեգեոներների հաշվին. «Ֆուտբոլային ակումբների սեփականատերերը մտածում են նախևառաջ եվրոպական ասպարեզ դուրս գալու մասին: Վերջին տարիներին մեր Բարձրագույն խմբի որակը բարձրացել է լեգեոներների շնորհիվ: Թիմերն իրենք են որոշում՝ հայ ֆուտբոլիստին խաղալու հնարավորությո՞ւն տալ, թե՞ դրսից մարզիկ բերել: Հենրիխ Մխիթարյանի սերնդի օրոք լեգեոներներն այդքան շատ չէին»:

Մարզական մեկնաբանի պնդմամբ՝ Հայաստանում պետք է կառուցվեն ֆուտբոլի մարզադաշտեր, զարկ տրվի մանկապատանեկան ֆուտբոլին: «Ֆեդերացիայի ղեկավարների գլխավոր խնդիրն ուժեղ հավաքականն ունենալն է, և եթե հավաքականը լավ խաղաց, երկրպագուները կասեն՝ ամեն ինչ գերազանց է, կներեն մնացած բոլոր սխալները»,- ամփոփել է ֆուտբոլային մեկնաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում