Տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն. Արարատ Միրզոյան

Տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԱԺ այսօրվա նիստի մեկնարկին օրինագծերի քվերակության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարման կարգով ելույթ ունենալով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ նա լինելով «Ելք» խմբակցության պատգամավոր 2017-18 թվականներին ԱԺ է բերել հրավառ նյութեր և իրականացրել ակցիա, ապա խնդրեց բացատրել, թե ինչո՞վ կարող է խանգարել իր պաստառը, որը չեն թույլատրում այդ պահին մտցնել նիստերի դահլիճ:

Պատգամավորը նկատեց, որ պաստառը ոչ հրավառ նյութ է, ոչ ծակող գործիք, ոչ էլ որևէ մեկին կարող է վնասել, և հարցրեց, թե ինչու չի կարող այն մտցնել ԱԺ դահլիճ, որպեսզի իր մոտ փակցնի: Անի Սամսոյանը ԱԺ նախագահին խնդրեց հրահանգել աշխատակազմին, որպեսզի թույլ տան այդ պաստառը մտցնի դահլիճ:

«Հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդեք մեր բոլոր ակցիաները»,- հայտարարեց Անի Սամսոյանը:

«Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծու սիրուն: Ի՞նչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է իմ՝ հրավառ նյութեր ներս բերելուն, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում և այդպես ստացվեց»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում