Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը

Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրաժարվել է պատասխանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիի վիճակի մասին հարցին. ճեպազրույցի սղագրությունը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Ճեպազրույցի ընթացքում Թրամփին հարցրել են, թե իր կարծիքով ո՞վ կարող էր թունավորել Նավալնիին: Սկզբում գործող նախագահը խնդրել է ևս մեկ անգամ կրկնել հարցը, այնուհետև նշել է, որ այդ թեման հետո կքննարկեն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարձագանքի Նավալնիի դեպքին հենց որ նրա թունավորումը հաստատվի:

Պետքարտուղարության ղեկավարը մանրամասնել է, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից Նավալնիի նմուշների ուսումնասիրության արդյունքներին է սպասում:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում