Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան

Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱրցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները շատ մտահոգիչ են: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ունեն հստակ քաղաքական նպատակ: Եթե դիտարկենք նաև թուրքական կողմի հայտարարությունները, կհասկանանք, որ ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, և որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով։

«Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները: Եթե պատերազմ լինի, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես մեղավոր այդ պատերազմում: Տարակուսել կարելի է, թե ինչ խայտառակ աներեսությամբ է ՀՀ գործող վերնախավը՝ վարչապետ-ԱԳ նախարար զույգով, վերաբերվում այն խայտառակ ձախողումներին, որոնք արձանագրվել են արցախյան ուղղությամբ այս իշխանության օրոք»,- ասաց նա՝ նշելով, թե բանակցային գործընթացը տանուլ տված իշխանությունն այսօր տանուլ է տալիս նաև քարոզչությունը:

«Ալիևը բաց տեքստով խոստովանեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է չկրակել, որ նախկինները չվերադառնան: Այն, որ մենք ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն իր ներքին իշխանությունն ամրացնելու համար պատրաստ է ոտնատակ տալ ազգային-պետական օրակարգը, իրականություն է»,- ասաց Աշոտյանը:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և հարցին՝ հնարավո՞ր է քաղաքական թեժ աշուն՝ Արմեն Աշոտյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ամեն ամիս և տարվա ամեն եղանակին թեժ է:

«Այս ամենի հիմքում Փաշինյանի և իր կառավարության կիսագրագետ, դեմագոգիկ, անպատասխանատու կեցվածքն է ցանկացած ոլորտում: Այս կառավարությունը կարծես կոմիքսների հերոսների կառավարություն լինի: Այս պահին ունենք աճող դժգոհություն, հիասթափություն, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Քաղաքական գործընթացների հիմքում ընկած են լինելու նաև տնտեսական խնդիրները, որոնք ոչ այնքան կորոնավիրուսի հետևանքն են, որքան այս կառավարության ապիկար քաղաքականության, կարելի է ասել՝ քաղաքականութան բացակայության, այդ թվում՝ տնտեսության ոլորտում»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ռազմավարությանը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ն 2050-ին, Աշոտյանը տեսակետ հայտնեց, թե վարչապետն Անկախության օրով փորձում էր ներկայացնել Հայաստանի տեսլական, որին այդպես էլ ոչ ոք չհավատաց, և որը, ըստ Աշոտյանի, դարձավ, հանրային հումորի ժայթքման պատճառ:

«Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ոչ մի լուրջ խոստում կյանքի չի կոչվել առ այսօր: Իշխանության գալուց հետո անցել է 2.5 տարի, և նա ի վիճակի չի եղել իրականացնել իր խոստումները: Մարդ, որը չի կարողանում կարճաժամկետ խոստումները կյանքի կոչել, հանրության աչքերում չունի բարոյական իրավունք՝ խոսելու երկարաժամկետ խոստումների մասին»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Անդրադառնալով ՍԴ նոր դատավորների ընտրությանը՝ Աշոտյանը նշեց, թե ի սկզբանե ամբողջ գործընթացը եղել է հակասահմանադրական, ինչի պատասխանը իշխանությունը մի օր տալու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում