Վրաստանի նախագահը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցել Թբիլիսիում

Վրաստանի նախագահը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցել Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ տրամադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես ցանկանում եմ դիմել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է արագ վերականգնենք նրանց միջև երկխոսությունը, կոչ անենք նվազեցնել սրացումը և դադարեցնել կրակը: Մենք պատրաստ ենք մեր երկիրը, Թբիլիսին, դարձնել մի վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություններ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կցանկանան կողմերը»,- ասել է Զուրաբիշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտությանը:

Նախագահը դիմել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նշելով, որ հակամարտության կարգավորման հարցում նրանց դերը մեծ է: Նա նաև խնդրել է ԵՄ-ին միջամտել և ազդել կրակի դադարեցման վրա, քանի որ բոլոր երեք երկները Կովկասում «Արևելյան համագործակցության» ծրագրի մասնակիցներ են:

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում խաղաղությունը հետաքրքրություն են ներկայացնում Եվրամիության համար: Նա պետք է իր ուժերը կիրառի խաղաղության և իրավիճակի կայունացման համար»,- հավելել է երկրի ղեկավարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում