Եթե ադրբեջանական ուժերը չդադարեն պրովոկացիոն գործողությունները, ապա կարող են նրանց համար բավական լուրջ խնդիրներ առաջանան. քաղաքագետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եթե ադրբեջանական ուժերը չդադարեն պրովոկացիոն գործողությունները հրադադարի հաստատման ժամերին, ապա կարող են նրանց համար բավական լուրջ խնդիրներ առաջանան և՛ դիվանագիտական առումով, և՛ ռազմական դաշտում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ավելի քան համոզված եմ, որ բանակցություններից առաջ քարոզչական նպատակներով Ալիևի արած հայտարարությունը, թե իբր գրավել են Հադրութը, ըստ էության, դժվար դրության մեջ է դրել Ալիևին՝ իր երկրի ներսում և ինչ-որ կերպ փորձում էին գոնե որոշակի ապացույցներ ունենալ՝ Հադրութ ադրբեջանական զորք մտցնելու մասին։ Չգիտեմ՝ մի քանի կադր պետք է արվեր, թե ինչ, դրանից հետո Ալիևը ստիպված է եղել արդարանալ իր հանրության առջև և, իմ պատկերացմամբ, ադրբեջանական զինուժը փորձում է փրկել իր երկրի ղեկավարի դեմքը»,- ասաց նա։
Քաղաքագետ նաև մանրամասնեց թշնամու կողմից հրադադարի չպահպանման դեպքում դիվանագիտական հատվածում և ռազմական դաշտում հետևանքները, որոնք կլինեն․ «Նախ՝ մեծ մարտական կորուստները առաջնագծում։ Ադրբեջանն արդեն առիթ ունեցել է համոզվելու, որ հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ իրենց համար, որպես կանոն, ողբերգական ավարտ է ունենում։ Երկրորդ՝ դա դիվանագիտական մեկուսացման հնարավորությունն է։ Կարելի է ասել, որ այս պահի դրությամբ խաղի կոնին է դրված ՌԴ նախագահի հեղինակությունը»։
Ինչ վերաբերում է հրադադարի տևողությանը, Հրանտ Մելիք Շահնազարյանը նշեց․ «Հուսալով հանդերձ, որ երկարատև կլինի, այնուամենայնիվ պետք է փաստենք, որ դրա իրավական հիմքերը և առավել ևս փաստացի իրավիճակը ռազմաճակատում, ցավոք սրտի, թույլ չեն տալիս վստահ ասելու, որ այդ հրադադարն իսկապես երկարատև կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում