«Փաստ». Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ

«Փաստ». Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ

«Տևական ժամանակ է, ինչ Արցախը դարձել է ռազմական գործողությունների թատերաբեմ։ Ռազմական գործողությունների սկզբնական փուլում թուրք-ադրբեջանական տանդեմը հույս ուներ արագընթաց պատերազմի՝ բլիցկրիգի միջոցով վերահսկողություն սահմանել Արցախի ողջ տարածքի նկատմամբ։ Սակայն հակառակորդը հուժկու դիմադրության է հանդիպում և, մեծ հաշվով, ձախողել է իր պլանները՝ կրելով զինտեխնիկայի և զինուժի ահռելի կորուստներ: Նաև սրա արդյունքում է, որ ադրբեջանական կողմը ոտնահարում է պատերազմի վարման մարդասիրական կանոնները և թիրախավորում է Արցախի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է անել հնարավորը սեփական հասարակությանը որոշակի հաջողություններ ցույց տալու համար՝ անգամ եթե դրանք լինեն թվացյալ։

Խնդիրն այն է, որ այս ռազմական գործողությունները շատ թանկ են նստում ադրբեջանական հասարակության համար, և երբ ռազմական գործողությունները դադարեն, ու պարզ դառնա, որ ադրբեջանական բանակը չի կատարել իր գլխավոր խնդիրը, նույնիսկ ընդհակառակը, ապա հասարակական ընդվզումներ կսկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ հակառակորդը չի պահպանում հրադադարը և կրկին փորձում է լարել իր ուժերը ռազմական գործողությունները շարունակելու ուղղությամբ։ Իսկ հրադադարի անտեսումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի համար Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման տարբերակն ընդունելի չէ։ Այսպիսով՝ Ադրբեջանն ի ցույց է դնում իր ապակառուցողական դիրքորոշումը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ցուցաբերած ջանքերի նկատմամբ, որովհետև խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է հենց այս միջազգային ֆորմատի հովանու ներքո։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի և անձամբ նախագահ Պուտինի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջև ձեռք բերվեց համաձայնություն կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Ընդ որում, այս պայմանավորվածությունը ֆիքսվեց արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որում, բացի ռազմական գործողությունների դադարեցման պայմաններից, նշվում էր նաև այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Սակայն Ադրբեջանը պայմանավորվածության ձեռքբերումից քիչ անց ջուրը գցեց Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ չպահպանելով հրադադարը և շարունակելով ռազմական գործողությունները։

Այս անգամ փորձեց հրադադարի հաստատմանը հասնել համանախագահ մյուս երկիրը՝ Ֆրանսիան։ Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջև ձեռք բերվեց հերթական համաձայնությունը՝ այս անգամ հոկտեմբերի 18-ից մարդասիրական զինադադար հաստատելու վերաբերյալ։ Սակայն Ադրբեջանը շարունակեց ռազմական գործողությունները՝ չպահելով զինադադարի մասին պայմանավորվածությունը։ Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ ցուցաբերված ջանքերից հետո փորձեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել ԱՄՆ-ն, որտեղ նախընտրական քարոզարշավ է ընթանում։ ԱՄՆ նախագահ Թրամփը փորձեց անձամբ հասնել հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը, որը նաև ներքաղաքական իմաստով հնարավորություն կստեղծեր իր իմիջի բարձրացման համար։

Եվ այս անգամ ևս հակամարտող կողմերի միջև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի՝ հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտնում ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Սակայն Ադրբեջանն իր ուխտադրուժ գործելակերպով ցույց տվեց, որ թքած ունի հրադադարի հերթական համաձայնության վրա։ Ըստ էության, Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարությունը ռազմական գործողությունների միջոցով միջնորդներին հասկացնում է, որ զանց է առնում նրանց ջանքերը, և Ադրբեջանի համար խնդրի կարգավորման միակ ընդունելի տարբերակը հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծումն է։

Ավելին՝ օգտվելով այն հանգամանքից, որ միջնորդները Ադրբեջանի գործողությունները բացահայտ չեն դատապարտում և դեռևս հավասարության նշան են դնում հակամարտող կողմերի միջև, հակառակորդը այնքան է լկտիացել, որ ոչ միայն շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, այլև հրետակոծում է հայիրանական սահմանի ուղեկալի դիրքերը։ Կասկած չկա, որ Ադրբեջանի այսպիսի պահվածքը պայմանավորված է նաև Թուրքիայի ռազմաքաղաքական սատարումով։ Ուստի Թուրքիայի միջամտության արդյունքում մեծ հարված է հասցվում միջնորդ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջազգային հեղինակությանը։

Եվ եթե միջնորդ երկրները ցանկություն ունեն բարձրացնել իրենց հեղինակությունը և հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, ապա պետք է համատեղ ձևով կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ։ Միայն այդ դեպքում Թուրքիան պարտադրված կլինի իր քիթը չխոթել Արցախյան հակամարտության գոտի, իսկ Ադրբեջանն էլ ստիպված կլինի համաձայնել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, որի դեպքում միջնորդներին պատասխան է տալու հրադադարի յուրաքանչյուր խախտման համար»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում