Սահմանային Բաղանիս գյուղի մոտ հակառակորդի կրակոցներից հետո իրավիճակը վերահսկելի է
Նմանատիպ
Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում սահմանի ուղղությամբ հուլիսի 16-ին եւ 17-ի գիշերը 10:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, սակայն հիմա իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը՝ ընդգծելով, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:
«Հիմա ամեն ինչ նորմալ է, գյուղում խուճապ և վտանգ չկա, երեկ Երեւան-Թբիլիսի ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան ճանապարհահատվածի վրա հերթապահություն էր իրականացվում’ զուտ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասաց Սահակյանը’ նշելով, որ օգտագործվում էր ռեզերվային ճանապարհը:
Նրա խոսքով’ ճանապարհը առավոտյան բացվել է և երթևեկությունը ընթանում է բնականոն հունով:
«Խուճապի կարիք չկա, այս կրակոցները մեզ համար սովորական են դարձել: Երեկ հերթապահություն են սահմանել նաև Նոյեմբերյանի շրջանի ոստիկանները»,- նկատեց Բաղանիսի համայնքի ղեկավարը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը հաճախակի բնույթ է կրում: Հակառակորդի կողմից հաճախակի կրակոցներ են հնչում նաև Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում