Հակառակորդի կողմից գերեվարված և Ադրբեջանում մահացած Միշա Մելքումյանի դին փոխանցվել է հայկական կողմին

Հակառակորդի կողմից գերեվարված և Ադրբեջանում մահացած Միշա Մելքումյանի դին փոխանցվել է հայկական կողմին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ փոխանցվել է հայկական կողմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի աջակցությամբ ադրբեջանական կողմից Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվել տարեց տղամարդու դին»,– նշեց Ամատունին:

Ավելի վաղ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը մահացել է:

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը»,– գրել էր Թաթոյանը:

Ադրբեջանը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, թե հայկական կողմը հրաժարվել է ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում