«ԱՄՆ հաջորդ վարչակազմը կհանձնվի իրանցի ժողովրդին»․ Ռոհանի

«ԱՄՆ հաջորդ վարչակազմը կհանձնվի իրանցի ժողովրդին»․ Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԱնկախ նրանից, թե ԱՄՆ-ում ով կընտրվի նախագահ, հաջորդ ամերիկյան վարչակազմն այլ ընտրություն չի ունենա, քան հանձնվել իրանցի ժողովրդին: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է Tasnim News Agency-ն։

Ռոհանին նշել է, որ Իրանի համար նշանակություն չունի, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքը։

«Կարևոր չէ՝ ով կընտրվի, քանի որ ԱՄՆ հաջորդ վարչակազմը կհանձնվի իրանցի ժողովրդին»,- ասել է նա՝ հավելելով, որ «ԱՄՆ կառավարությունն այլ ընտրություն չունի, քան ենթարկվել օրենքին, հասարակական կարծիքի ճնշմանն ու Իրանի մեծ ժողովրդի դիմադրությանը»։

Ռոհանին նաև ասել է, որ «Իրանի ժողովուրդը վերջնական հաղթող է ԱՄՆ-ի առջև, քանի որ կորոնավիրուսի պայմաններում դիմակայել է ԱՄՆ պատժամիջոցներին»։

«Մեր ազգը ճնշումների չի ենթարկվի։ Մենք կարող ենք հաղթել թշնամիներին և ստիպել նրանց վերադառնալ օրենքի և կանոնների պահպանմանը», – ընդգծել է Ռոհանին:

ԱՄՆ-ում ընտրական հանձնաժողովները նախագահական ընտրությունների ավարտից հետո շարունակում են ձայների հաշվարկը: Արդյունքը դեռ հայտնի չէ, նախնական տվյալների համաձայն՝ առաջատարը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է:

Երկու քաղաքական գործիչների շտաբերն էլ արդեն հասցրել են հայտարարել իրենց հաղթանակի մասին, բայց դեռևս վաղ է:Այժմ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, ունի 214 ձայն, Բայդենը՝ 264: Մնացել է բաշխել միայն 60 ընտրիչի ձայները:

Այս տարի համաճարակի պատճառով մեծ թվով մարդի քվեարկել են փոստով, ինչի հետևանքով հաշվարկը կարող է ձգձգվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում