Բաղրամյան պողոտայի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am:15։34

Երևանի Բաղրամյան պողոտայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիան մեկնարկեց քաղաքացիներին բերման ենթարկելով:

Ոստիկանները բերման ենթարկեցին «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանին, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար–ղեկավար Արա Սաղաթելյանին, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին, քաղաքագետ Հրանտ մելիք-Շահնազարյանին, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և այլ քաղաքացիների:

Ոստիկանները նշեցին՝ բերման են ենթարկում, քանի որ երկրում ռազմական դրություն է, որի ընթացքում ակցիաներ կատարվել չեն կարող, իսկ ցուցարարներն արձագանքեցին՝ երկրում պատերազմ չէ, հետևաբար ռազմական դրություն չի կարող լինել:

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունն իրավունք չունի խոչընդոտել քաղաքացիներին՝ իրականացնել ազատ ակցիաներ, այդ թվում՝ փողոցները փակելու ձևով: «Ոստիկանության այս գործողությունները հանցագործություն են»,-նշեց նա:

Նշենք, որ խաղաղ անհնազանդության ակցիաները Երևանի մի շարք փողոցներում են իրականացվում, նաև Գյումրիում:

15։00

Քաղաքացիները Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են անում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։

Հիշեցնենք, որ երեկ ևս տեղի էին ունենում նման ակցիաներ, երիտասարդները փակել էին Երևանի մի քանի փողոցներ՝ պահանջելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում