Բաղեր էինք գցել, անշարժ գույք, տեխնիկա, տրակտոր, ամեն ինչ թողել, դուրս ենք եկել․ Նոր Այգեստանի գյուղապետ

Բաղեր էինք գցել, անշարժ գույք, տեխնիկա, տրակտոր, ամեն ինչ թողել, դուրս ենք եկել․ Նոր Այգեստանի գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amՄարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը երեկ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին գյուղացիներն իմացել են տարածքները թշնամուն անցնելուց ընդամենը երկու օր առաջ։

Նոր Այգեստան գյուղի գյուղապետ Հրայր Հակոբյանը Panorama.am-ին հետևյալը պատմեց․

«45 տնտեսություն ունեինք, բոլորն էլ դուրս են եկել։ Իրենց հետ տարել են իրենց տան իրերը, մնացած ունեցվածքը թողել են։ Անշարժ գույք են թողել, տեխնիկա, տրակտոր։Մարդիկ բաղեր են գցել, դրանք էլ են թողել։ Տեղահանման մասին ինձ ասել են ամսի 17-ին, երեկոյան ժամը 6-ի կողմերը։ Ասացին մինչև ամսի 19-ի 23․00-ն գյուղից բոլորը պետք է դուրս եկած լինեն, մարդ չպետք է մնա գյուղում։ Երկու օր ժամանակ ունեք, գյուղը տալիս ենք հակառակորդին։ Երկու օրվա ընթացքում մարդիկ կարո՞ղ են իրենց 30 տարվա ունեցվածքը հանեն, իհարկե, չեն կարող»։

Գյուղապետը նաև պատմեց, որ մինչև ամսի 17-ի տեղահանման հրամանը տեղի իշխանության ներկայացուցիչներից հետաքրքրվել էին, թե արդյոք իրենց գյուղերը ևս պետք է տան թշնամուն։

«Մեր գյուղերը թշնամու վերահսկողության տակ չեն եղել։ Հրադադարից հետո տեսանք, որ հակառակորդը քարտեզ է գծել, գցել ֆեյսբուք։ Հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ է այնպես լինի, որ մենք էլ պետք է դուրս գանք, ասացին՝ չէ, չի լինի տենց բան, այդ 6 գյուղերը մնալու է Մարտակերտի շրջանում։ Ամեն ինչ նորմալ է լինելու։ Ինչն է նորմալ լինելու, որ հիմա սաղիս հանին, գցին չոլերը»,- ասաց Նոր Այգեստան գյուղի բնակիչը։

Հակոբյանի կարծիքով՝ հրատապ տեղահանման որոշումը պայմանավորված էր նրանով, որ իրենց գյուղերը եղել են Ակնայի (Աղդամի) շրջանում։

Գյուղից գյուղի մասին պատմող հասցրել են վերցնել միայն հուշարձանը՝ 1992 թվականի զոհերի հիշատակին նվիրված։ Հուշարձանը թեև իր տեղը դեռ չի գտել, բայց փրկվել է թշնամուց։

Նոր Այգեստան գյուղին հարակից՝ Հովտաշեն գյուղը նույնպես նույն ճակատագրին է արժանացել։ 305 բնակիչ (71 տնտեսություն) ունեցող գյուղի գյուղապետն էլ Panorama.am-ին գրեթե նույնը պատմեց՝ 2 օրվա ընթացքում են ասել դուրս եկեք գյուղից, նախապես չեն իմացել, որ գյուղը պետք է հանձնեն Ադրբեջանին։

«Ցորենը, բերքը ամբողջությամբ մնացել է, չենք հասցրել հանել»,– ասաց Հովտաշեն գյուղի գյուղապետն ու հավելեց․ «Ով ինչ կարողացել է այդ պահին դա է վերցրել իր հետ՝ հիմնականում տան իրեր»։

Գյուղատեպի խոսքով «Բնակիչների մի մասը գնացել է Հայաստան, մի մասը մնացել է Արցախում, ով որտեղ հարազատ-բարեկամ ունի»։

Նոր Այգեստան գյուղի գյուղապետն էլ ավելացրեց․ «Պատկան մարմինները, հասարակական տարբեր կազմակերպություններ օգնում են տեղահանված բնակիչներին, աջակցում են, բայց, ամեն դեպքում, առանց տուն-տեղ մնալը լավ չի էլի․․․»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում