Երբ հասկացանք, որ տղաներից շատերը, որոնց կողքին կանգնած էինք, այլևս ողջ չեն, դա ցավալի էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ հասկացանք, որ տղաներից շատերը, որոնց կողքին կանգնած էինք, այլևս ողջ չեն, դա ցավալի էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am«Արմնյուզ» հեռուստաընկերությունը զրուցել է ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ, ով արցախյան պատերազմի գրեթե ողջ ընթացքում առաջնագծից ներկայացրել է իրավիճակն ու մարտերի ընթացքը:

Պեգովը խոսել է 2018 թվականին Արցախում վավերագրական ֆիլմ նկարահանելու, ինչպես նաև որպես զինթղթակիցներ Տավուշում հուլիսյան մարտերի ժամանակ իր անձնակազմով աշխատելու և արցախահայության ջերմ ընդունելության մասին:

Անդրադառնալով պատերազմի օրերին իր հասցեին հնչած մեղադրանքներին և սպառնալիքներին՝ ռուս լրագրողը նշել է, որ նախկինում ևս հայտնվել է նման իրավիճակում և ուշադրություն չի դարձնում այդպիսի հայտարարություններ անողներին:

«Վախեցնել ինձ կամ ստիպել որևէ զգացողություններ ունենալ այդ հաշվով, գործնականում անհնար է»,– ասել է Պեգովը:

Պատասխանելով հարցին, թե որ պահն է պատերազմի ընթացքում ամենացավալին եղել իր համար, լրագրողը պատմել է ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի հետ Շուշի մոտակայքում՝ Քարինտակից ոչ հետո, ռազմական գործողությունների առաջնագծում գտնվելու մասին:

«… Եվ մերձակա հրաձգային մարտ սկսվեց, այսինքն՝ 30-40 մետրի հեռավորությամբ: Որոշեցի, որ մեր խմբին պետք է տարհանել կրակահերթի գոտուց: Մենք դուրս եկանք,- հայտնել է Պեգովը՝ հավելելով, որ այդ պահին Շուշիի շուրջ մարտեր էին ընթանում ադրբեջանցի դիվերսանտների դեմ,- Երբ դուրս էինք գալիս մարտի գոտուց, այդ պահին, որպես կանոն, դժվար է գնահատել, թե որքան վտանգավոր իրավիճակում ես գտնվում: Հետո, երբ արդեն հասկացանք, որ տղաներից շատերը, որոնց կողքին այնտեղ կանգնած էինք, այլևս ողջ չեն, դա և՛ ցավալի էր, առաջին հերթին, և՛ իսկապես ցավալի հետք է թողել իմ սրտում»,– ասել է նա:

Սեմյոն Պեգովը նաև ասել է, որ արցախյան այս պատերազմում ինքը պաշտպանել է միայն Արցախի ժողովրդին և ոչ որևէ քաղաքական ուժի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում