Հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային խոշտանգումներն ու վայրագությունները վկայում են Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին․ The Greek City Times
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Սեպտեմբերին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ԼՂ-ում հայերի դեմ պատերազմի սանձազերծման պատճառը լոկ տարածքները չէին, այլ հայ ժողովուրդին ոչնչացնելու ցանկությունը, գրում է հունական The Greek City Times-ը՝ մատնանշելով պատերազմի ընթացում հայ գերիների նկատմամբ անմարդկային խոշտանգումներն ու վայրագությունները:
Ինչպես նշում է թերթը, հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների անհերքելի ապացույցները ցույց են տալիս հայերի նկատմամբ Ադրբեջանի վարած ատելության և էթնիկ զտումների ցավոտ հետևանքները:
«Խոսքը ադրբեջանական բանակի և նրա դաշնակիցների «մշակութային ցեղասպանության», մշակութային և կրոնական հուշարձանների պղծման և ոչնչացման մասին է՝ այդ տարածքներում հայ ժողովրդի անվիճելի ներկայության, գոյության հետքը վերացնելու նպատակով։ Նրանք ցանկանում են վերաշարադրել պատմությունը»,- գրում է թերթը։
Թերթը նշում է, որ ըստ հնագետների և հետազոտողների, արբանյակային լուսանկարների և այլ անհերքելի վկայությունների՝ միայն Նախիջևանում 1997-2006թթ. ընկած ժամանակահատվածում պղծվել և ավերվել է 89 եկեղեցի, 5840 խաչքար և 22.000 տապանաքար, ինչպես նաև Ջուղայի խոշորագույն հինավուրց գերեզմանատունը:
Խոսելով Արցախի ապագայի մասին՝ թերթը մեջբերում է Հայաստանում «Հունական համայնքների միության» ՀԿ նախագահ Մարիա Լազարևայի խոսքերն այն մասին, որ «Հայ ժողովրդի համար առաջնահերթությունը միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում