Նիկոլ Փաշինյանը չի հեռանում ոչ այն պատճառով, որ գնալու տեղ չունի. Աղասի Ենոքյան

Նիկոլ Փաշինյանը չի հեռանում ոչ այն պատճառով, որ գնալու տեղ չունի. Աղասի Ենոքյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է պատերազմի ընթացքում իշխանության վարած քաղաքականությանը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և առաջարկներ արել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

-Պարոն Ենոքյան, այս հարցը այսօր շատերին է տրվում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պարտվեցինք։

– Ճիշտ եք անում, որ այս հարցն անընդհատ հնչեցնում եք, որովհետև մշտապես պետք է հիշել ու քննարկել պարտության տանող հանգամանքները, որպեսզի երբեք թե՛ դրանք, թե դրանց նախապայմանները չկրկնվեն։

Տեսնելով այն ակնհայտ քայլերը, որոնք տանում էին դեպի պարտություն՝ պետական ինստիտուտների ավերումը, բանակի քայքայումը, հասարակության մեջ ստեղծվող բարոյական անհանդուրժողականությունը, բանակցություններում ճգնաժամը, և մնացած բաղադրիչները, որոնք ամբողջացան որպես Հայստանի կապիտուլյացիա և Արցախի կորուստ, սկզբնական շրջանում ինքս էլ չէի հավատում, որ դավաճանություն է կազմակերպվում։ Այսինքն, տեսնում էի այս քայլերը, բայց փորձում էի ուրիշ բացատրություններ գտնել Նիկոլ Փաշինյանի համար՝ անփորձ է, ագահ է, փառասեր է, անգամ՝ հիմար է, բայց՝ ոչ դավաճան։ Որովհետև բանականության մեջ չի տեղավորվում այդ մոտեցումը, որ երկրի ղեկավարը կարող է լինել դավաճան, միտումնավոր իր իշխանության տակ եղած երկիրը տանել կործանման։

Սակայն այդ ամենի համադրումը, մանավանդ ռազմական գործողությունների նպատակաուղղված տապալմանը տանող քայլերը կասկածի տեղ չեն թողնում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է մանրամասն մտածված դավաճանություն։

-Հանուն ինչի՞ կարող է լինել Ձեր նշած դավաճանությունը, հանուն իշխանությա՞ն։

-Ես կարող եմ 2-3 վարկած առաջադրել, բայց, ինչպես ասում են, ամբողջական պատասխանը կտա քննությունը։ Կարող եմ հստակ ասել՝ այն հանուն իշխանության պահպանման չէ։ Իշխանությունը արժեք է, եթե գնահատում ես այն, ինչին իշխում ես, ցանկանում ես բարելավել ու բազմացնել, անգամ եթե դա քո կոռուպցիան ավելացնելու կամ քո փառասիրությանը հագուրդ տալու համար է։ Նիկոլ Փաշինյանի համար արժեք չեն եղել ոչ մեր քաղաքացիները, որոնց նա ամենօրյա ռեժիմով խաբել ու թալանել է, ոչ էլ Հայաստանն ու ինքնիշխանությունը, որոնք նա մսխել է՝ սկզբում աստիճանաբար, այնուհետև՝ միանգամից։ Իշխանությունը նրա համար եղել է ոչ ինքնանպատակ, այլ՝ իր դժոխային դավաճանական պլանների իրականացման գործիք։

-Բայց չնայած այս ամենին, Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, փորձում է պահպանել իշխանությունը։

– Նման մանրամասն դավաճանական պլան մշակելուց Նիկոլ Փաշինյանը հաստատ իր համար ապահովել է նաև պատասխանատվությունից փախնելու ուղիները և երաշխիքները։ Նա չի հեռանում ոչ այն պատճառով, որ գնալու տեղ չունի, կամ գնալու ձևերը չգիտի, այլ բոլորովին այլ նպատակով. Նիկոլ Փաշինյանը այժմ ուզում է պահպանել իր իշխանությունը, քանի որ պատերազմն իրականում չի ավարտվել, և ուրեմն, դավաճանությունն էլ չի ավարտվել։

Նկատենք, որ ունենք զինադադարի ինչ-որ անկապ համաձայնագիր, որն ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս, ու նաև՝ ռուսական և ադրբեջանական զորքին իրենց հայեցողությամբ Արցախում տեղավորվելու հնարավորություն տալիս։ Չունենք գերիների փոխանակման և անհետ կորածների որոնման մասին պայմանավորվածություններ։ Չունենք խաղաղության պայմանագիր, որով պետք ավարտվի պատերազմը։

Նկատենք՝ ադրբեջանցիները անցել են «սողացող պատերազմի» փուլին։ Նրանք ոչ միայն մտնում են Արցախի այն տարածքները, որոնք ըստ պայմանավորվածության՝ պետք է լինեին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, այլև առանց դիմադրության վերցնում են Սոթքի հանքը և այլն:

Մինչ Հայաստանի իշխանությունները ինչ-որ մանկամիտ թոթովանքներ են արտաբերում՝ GPS, խորհրդային քարտեզներ, չգիտեմ ինչ, ադրբեջանցիները գրավում են Սյունիքի մարզի արոտավայրերն ու վարելահողերը, պահանջներ են ներկայացնում Տավուշի մարզի վերաբերյալ։ Դավաճանության այս շարունակությունը և շարունակական տարածքային կորուստները հնարավոր են միայն միտումնավոր ստեղծված անիշխանության պայմաններում։

Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ հնչեցրեց Սևանի ու Երևանի վերաբերյալ, եթե շարունակվի այս դավաճանական անիշխանությունը, ոչինչ չի խանգարելու նրան հենց վաղը իրականացնելու իր սպառնալիքները, հիշենք՝ չկա ոչ պետություն, ոչ բանակ, և այս վիճակն այժմ պահպանվում է Նիկոլ Փաշինյանի ջանքերով։

-Ի՞նչ լուծումներ եք առաջարկում։

– Ելքը պարզից էլ պարզ է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ժամ առաջ գահազրկել։ Սակայն առայժմ այդ պրոցեսը հանգեցրել է միայն անիշխանության, ինչը հենց Նիկոլ Փաշինյանի գծած սցենարն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում