Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր գալը սադրանք է․ դավաճանը չի բավարարվում այն ամենով, ինչ արդեն արել է

Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր գալը սադրանք է․ դավաճանը չի բավարարվում այն ամենով, ինչ արդեն արել է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Բնականաբար, սադրանք է, բացի այդ՝ այս դավաճանական ակտի՝ կապիտուլյացիայի գլխավոր մեղավորը ցանկանում է կիսել իր համար նախատեսված պատասխանատվությունը հազարավոր և տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ, հիմնականում՝ պետական համակարգի աշխատողների։ Այս մասին Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Գարեգին Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել մասնակցել դեպի Եռաբլուր երթին՝ իմանալով, որ մարդկանց մոտ վրդովմունք կա, արդյո՞ք սա սադրանք չէ։

«Իր կարծիքով՝ դա իր մեղքը թեթևացնում է, բայց լրիվ հակառակն է՝ դավաճան ստահակը չի բավարարվում այն ամենով, ինչ արդեն արել է, և նոր բախումներ է ցանկանում հրահրել»,– նշեց նա։

Պետրոսյանը տեսակետ հայտնեց, թե երթի մասնակիցների մեծ մասը պետաշխատողներ են։ «Բայց սրբապիղծի հետ սրբվայր չեն այցելում, եթե անգամ աշխատանք կորցնելու խնդիր կա։ Աշխատանքի կորուստը պատմությունը կների, հայրենիքի կորուստը՝ չի ների»,-նշեց նա։

Նա նշեց՝ Եռաբլուրում են, որ թույլ չտան՝ հողատու դավաճանը մուտք գործի Եռաբլուր և նայի մեր հայորդիների շիրիմներին։

«Ինչպես է նա պատրաստվում նայել 90-ականներին իրենց կյանքի գնով Արցախն ազատագրած տղաների շիրիմներին, ինչպես է նայելու Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների շիրիմներին, որոնք իրենց արյան մինչև վերջին կաթիլը կռվելով՝ կարողացան իրենց հայրերի և պապերի ազատագրածը պահել, ինչպես է նայելու 44-օրյա պատերազմի մասնակիցների շիրիմներին, որոնք կռիվ տվեցին՝ պահելու հայրենիքը, սակայն գերագույն դավաճանի գրիչի մեկ հարվածով ու դրան նախորդած ու հաջորդած շատ այլ գործողություններով այդ պայծառ տղաների քունը դարձավ անհանգիստ»,- ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Պետրոսյանը նշեց, որ գործ ունենք մեկի հետ, որը 2,5 տարի շարունակ վարչապետի պաշտոնում թուլացրել է պետությունը․ «Պետությունը թուլացնելը պետական դավաճանության հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորումներից մեկն է։ Կարծում եմ՝ իր զբաղեցրած պաշտոնում մնալու դեպքում դեռևս շատ տարածքներ են հանձնվելու Սյունիքից, շատ ընկերներ են գերի ընկնելու»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ քաղաքացիները, ազատամարտիկները Եռաբլուրում են, որ խոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում