Նախնական գնահատմամբ՝ Արցախի տնտեսությունը մոտ 2 մլրդ դոլարի վնաս է կրել

Նախնական գնահատմամբ՝ Արցախի տնտեսությունը մոտ 2 մլրդ դոլարի վնաս է կրել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱկնհայտ է, որ շատ լուրջ վնասներ են հասցվել ԱՀ տնտեսությանը, անզեն աչքով, տարբեր փորձագետների գնահատմամբ՝ ուղիղ վնասը մոտավորապես մինչև 2 միլիարդ դոլարի կարող է հասնել, ինչը շատ մեծ վնաս է՝ ԱՀ տարեկան ՀՆԱ-ի մի քանի անգամը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվելու որոշում է կայացրել՝ ԱՀ գործադիր իշխանությունում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։

Նա ընդգծեց, որ տվյալները նախնական են, դեռևս պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի։

«Մեր հաշվարկներով՝ ավելի քան 15 000 տուն և բնակարան է վնասվել ադրբեջանական թիրախավորման հետևանքով։ Չեմ կարող ասել՝ բռնազավթումից հետո ինչ է կատարվել, դրանք չենք հաշվում, որովհետև տեղեկություններ ու ապացույցներ ունենք, որ շատ տեղերում, օրինակ, վառել են մեր տները կամ այլ վնասներ են հասցրել։ Շուրջ 3500-4000 ենթակառուցվածքային միավոր ու հանրային նշանակության օբյեկտներ են վնասվել, ներառյալ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակույթի տներ և այլն։ Այստեղ կրկին չենք հաշվարկում իրենց ենթակայության տակ մնացած օբյեկտները։ Ավելի քան 2500 տրանսպորտային միջոց, մեքենա է լրջորեն վնասվել կամ ոչնչացվել»,-հայտարարեց Բեգլարյանը։

Նա հայտնեց նաև զոհերի, անհետ կորածների, վիրավորների նախնական թվերը։ «Նախնական հաշվարկներով, կոնկրետ հանգամանքներն ու ինքնությունը պարզելով՝ 60 քաղաքացիական զոհ արդեն արձանագրել ենք, շուրջ 40 քաղաքացիական անհետ կորած անձ կա, արձանագրվել է 163 քաղաքացիական վիրավոր, բայց ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում թվերը կարող են փոխվել»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում