Թշնամին հարյուրավոր տեխնիկա է բերում, մե՞նք ինչ ենք անում. Առուշ Առուշանյան (տեսանյութ)

Թշնամին հարյուրավոր տեխնիկա է բերում, մե՞նք ինչ ենք անում. Առուշ Առուշանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻնչի՞ համար ենք տալիս, երբ այդ հողերը մենք պահել ենք, պետք է մնայինք այնտեղ, որտեղ կանգնել էր պատերազմը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Այս ամբողջ ընթացքում պետական մի սուբյեկտ չի կարող ասել, թե ինքը մի գործառույթ կատարել է: «Բեսթ Ռոուդե» ընկերությունը, որ ասում են, թե պատկանում է ինձ և 16 միլիոն դրամի չարաշահում է արել, այդ ընկերությունը պատերազմի ամբողջ ընթացքում ողջ զինտեխնիկայի տեղափոխումն է կատարել և ծիծաղելի է 16 միլիոն դրամ, որովհետև, գուցե, մեկ օրվա վառելիքի գումարն է այդքան եղել»,- ասաց նա և նշեց, որ այդ կազմակերպության երկու սեփականատերերից մեկը իր ընկերն է, մյուսը բարեկամն է, ով ՌԴ-ում նույն բիզնեսով է զբաղվում և Գորիսում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է արել:

«Երբ մենք Ջաբրաիլում էինք, պետությունը մեզ չէր տվել տարրական «բռոնի ժիլետը» կամ «կասկան», այդ նույն ընկերությունը երեք օրվա մեջ հասցրել էր ոչ միայն մեր զորքի, այլ մի քանի հարյուր մարդկանց և մի քանի հարյուր միլիոն դրամի գործողություն է արել: Որևէ լիցենզիա պետությունը այդ ընկերությանը չէր տալիս, ես առիթ եմ ունեցել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձանց երեք անգամ հարցնելու, թե ինչու շինթույլտվություն տալիս, ինչո՞ւ ենք խոչընդոտում»,– ասաց նա և նշեց, որ կորպուսի հրամանատարն եղել է իրենց հետ, ով իր վրա դրված խնդիրն առավելագույնը կատարել է:

«Գորիսի համայնքապետարանը պատերազմի ողջ ընթացքում մեր նահատակված եղբայրների դիերը տեղափոխելու բոլոր գործառույթները կատարել է, դա մեր տիրույթում չէ, և այդ մեքենաները այդ նույն ընկերությանն են եղել: Մենք ուզում ենք մեր հասարակությանը պարզ լինի, որ այս ամենը, որ կատարվում է, ոչ քաղաքական ենթատեքստ կա… ուղղակի այս մարդիկ չեն ուզում աշխատել, իրենց համար մեկ են այս հողերը: Եթե ավելի խորը նայենք, երևի կան էլի գոտիներ, որ պետք է տրվեն, և մենք սահմանի համար պայքարում ենք, երևի, խնդիրն այն է, որ «վարչապետը» մեզ ձերբակալի և այդ խնդիր լուծի: Ներկա կառավարությունը վայրկյան շուտ պետք է հեռանա: Իրենք չգիտեն, թե ինչ է «պոստը», թշնամին հարյուրավոր տեխնիկա է բերում, մե՞նք ինչ ենք անում»,- ասաց նա և նշեց, որ իրենք պատրաստ են պայքարել:

«Ես դաստիարակվել եմ հետևյալ սկզբունքով․ առաջինը՝ իմ կրոնը, հայրենիքը, այն հողը, որ ինձ կյանք է տվել, հետո իմ ընտանիքը, իմ անձը: Դա ինձ համար ավելի թանկ է, քան իմ ես-ը: Երևանում այլ է իրականությունը, դա տեղում պետք է տեսնել, թե մեր քաղաքացիները ինչպես պետք է ապրեն»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում