Կուսակցություններ. Պատերազմ տանուլ տված Կառավարությունն անզոր է հանդես գալ իրավունքի դիրքերից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Մի քանի կուսակցություններ տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.
«Նոյեմբերի 9-ի ապօրինի, միջազգային իրավունքի հիմնադրույթներին հակասող՝ բռնի ուժի կիրառմամբ և պատերազմի սպառնալիքով պարտադրված եռակողմ հայտարարությունը Հայաստանի պետականությանը և միջազգային հանրությանը նետված մարտահրավեր է:
Այս հարցում 28 տարվա մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների մոտեցումների մեջ կան առանցքային տարբերություններ. ուղիղ 100 տարի անց կրկին բախվել են ռուս-թուրքական և արևմտյան քաղաքակրթական պատկերացումները, տարածաշրջանային շահերը և տեսլականները:
Ըստ այդմ, ողջունելով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունված բանաձևերը, ինչպես նաև այլ երկրների նույնաբովանդակ հայտարարությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան և ֆրանսիական համանախագահների տարածաշրջանային այցը, հայտարարում ենք.
1. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենևին չի նշանակում «Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում». Արցախյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
2. Հայաստանի պետությունը Ադրբեջանի հետ համակեցությունը կարող է հիմնել միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա:
3. Հայաստանի պետությունը պարտավոր է, օգտագործելով ԱՄՆ, Եվրամիության և մասնավորապես Ֆրանսիայի աջակցությունը, կառուցել անվտանգության նոր համակարգ և դրա շնորհիվ հասնել Արցախի Հանրապետության ճանաչման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման:
4. Քանի որ պատերազմ տանուլ տված և կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած Կառավարությունն անզոր է հանդես գալ արժանապատվության և իրավունքի դիրքերից, պետք է րոպե առաջ հասնել ժողովրդին երկրի տերը դարձնող Սահմանադրության ընդունմանը և դրան համապատասխանեցված ընտրական օրնեսգրքով նոր իշխանությունների ձևավորմանը:
5. Նպատակ ունենալով խափանել տարածաշրջանի ռուս-թուրքական բաժանման նոր գործընթացը և մերժելով նախորդ դրածո ռեժիմի սպասարկուների հավակնությունները՝ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու:
Միայն իմաստնության, լրջության, ազնվության և նորացվող աշխարհի տրամաբանությանը համահունչ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է դառնալ այդ աշխարհի առաջամարտիկներից»։
Հայկտարարություն ներքո ստորագրել են՝
ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ /«Ազգային առաջընթաց» կուսակցություն
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնորոշում» միավորում
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում