Հռչակավոր երաժիշտներ Յուրի Բաշմետն ու Կլաուդիո Աբադոն համերգով հանդես կգան Երևանում

Մեծանուն ալտահար, դիրիժոր, երաժիշտ, հասարակական գործիչ Յուրի Բաշմետը և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 10–ին համերգով հանդես կգան Արամ Խաչատրյան համերգասրահում: «Արմենպրեսի» հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ չէին կարող չանդրադառնալ Յուրի Բաշմետի 60-ամյա հոբելյանին, քանի որ նա Հայաստանի և երեւանյան փառատոնի ընկերն է: «Բաշմետը ներգրավված է եղել բազմաթիվ հայանպաստ ակցիաներում’ սկսած Սպիտակի երկրաշարժի տարիներից: Նրա հանդեպ հայերս ունենք յուրահատուկ վերաբերմունք»,- ավելացրեց Հովհաննիսյանը:Այս տարի փառատոնի շրջանակում հայ երաժշտասերներին սպասվում են բացառիկ համերգներ: Սեպտեմբերի 29-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանդին Օրբելյանը, իսկ հոկտեմբերի 15-ին մեր երկրում հանդես կգա նաեւ «Շանհայ» լարային քառյակը’ ներկայացնելով Քշիշտոֆ Պենդերեցկու 3-րդ կվարտետը:

Նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Ստեֆան Վիլլիխի հետ համատեղ հանդես կգա ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, ով աշխարհում Մոցարտի գործերի լավագույն կատարողներից է և տարբեր երկրներում անցկացնում է վարպետության դասեր: Լյուբիմովը եղել է Հայաստանում փառատոնի առաջին տարում: Բացի ՀՊՖՆ-ի հետ համատեղ համերգից’ երաժիշտն այստեղ մենահամերգ կտա:

Տարեվերջին’ դեկտեմբերի 7-ին, փառատոնի կազմակերպիչները նախաատեսել են մեծ անակնկալ մատուցել երաժշտասերներին. Հայաստանում ելույթ կունենա իտալացի հռչակավոր դիրիժոր Կլաուդիո Աբադոն’ իր «Մոցարտ» նվագախմբի հետ:

«Եվրոպայի համար մեջ իրադարձություն է, երբ Աբադոն հանդես է գալիս որեւէ երկրում: Անհավանական է, որ Կլաուդիո Աբադոն համաձայնել է գալ տարածաշրջան, որտեղ երբեք չի եղել: Հարևան երկրներում նույնիսկ մեծ աղմուկ է բարձրացել, որ այս լեգենդար երաժիշտը, որ տարիներ շարունակ ղեկավարել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, կգա Հայաստան: Աբադոն նվագախումբ ղեկավարելիս կարծես երկնքում է սավառնում»,- նշում է Սոնա Հովհաննիսյանը:

Երևանյան հեռանկարներ 14-րդ համերգաշրջանն այս տարի մենկարկել է հռչակավոր Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Այնուհետև հունիսին Երևանում և Վանաձորում ելույթ է ունեցել Գրեմիի մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկոլ նաեւ «Հորտուս Մուզիկուս» խումբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում