Ինչ թեմաների է անդրադարձել Պուտինը եռակողմ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինչ թեմաների է անդրադարձել Պուտինը եռակողմ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով`Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ:

«Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ»,- ասել է Պուտինը:

Վերջինիս խոսքով՝ կարելի է գոհունակությամբ ընդգծել, որ հերթականությամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստորագրած եռակողմ համատեղ հայտարարության պայմանավորվածությունները:

«Ռուսաստանի համար թանկ են գործընկերային և բարիդրացիական հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրներն ու ժողովուրդները, այդ պատճառով մենք մարդկանց ճակատագրերի համար տագնապով և անկեղծ անհանգստությամբ էինք հետևում բռնկված ռազմական բախմանը: Լայնածավալ ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին զգալի մարդկային զոհերի, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրա համար, որ դրական ընդունեցիք ռուսական կողմի միջնորդական ջանքերը, որոնք ուղղված էին նրան, որ օգնեն դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և հասնել կրակի հաստատուն դադարեցմանը: Մենք մշտական կապի մեջ էինք, միասին փնտրում էինք փոխզիջում, որի հետևանքով նոյեմբերի 9-ին համաձայնեցվեց եռակողմ հայտարարություն, որը մենք միասին ստորագրեցինք: Այսօր կարող ենք գոհունակությամբ ընդգծել՝ եռակողմ համաձայնությունները հերթականությամբ իրականացվում են»,– ասել է Պուտինը:

«Հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու համար հայկական և ադրբեջանական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահներ են տեղակայվել: Հիմա տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է: Ռուսական կողմի միջնորդությամբ իրականացվել է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում»,- հավելել է ՌԴ նախագահը:

Վերջինս նշել է, որ ռուսական կողմը շարունակում է իր գործողությունները քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ: Լեռնային Ղարաբաղի հարցում իր բոլոր գործողություններում Ռուսաստանը հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, հայտարարել է ՌԴ նախագահը:

«Հատուկ կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային սկզբունքներին։ Մենք շարունակում ենք մեր գործողությունները պարբերաբար համակարգել Մինսկի խմբի երկրների մեր գործընկերների հետ»,– ասել է նա:

Միևնույն ժամանակ Պուտինը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը «հանգիստ» է գնահատել: Նա հայտնել է, որ ավելի քան 48 հազար մարդ է վերադարձել հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Փաշինյանի և Ալիևի հետ բանակցությունները կանցնեն աշխատանքային միջավայրում և կօգնեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Պուտինը կարծիք է հայտնել առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության ամբողջական լուծման համար կան նախադրյալներ:

ՌԴ նախագահը Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսօր պետք է ընդգծվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում` խաղաղապահների հարցն ու դեմարկացիոն գծերը:

Ներկայում Կրեմլում ընթանում է եռակողմ հանդիպումը:

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում