ՌԴ ԱԳՆ արձագանքը Նիկոլ Փաշինյանի հոդվածին

ՌԴ ԱԳՆ արձագանքը Նիկոլ Փաշինյանի հոդվածին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երբեք չի տարել զուտ 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ՝ մոռանալով կարգավիճակի հարցը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հարցերով դեսպանորդ Իգոր Պոպովի հայտարարության մեջ, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին:

«Ռուսական առաջարկների ներքո ենթադրվում է աստիճանաբար կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրմամբ տեքստը կողմերին փոխանցվել է 2019 թվականի հունիսին: Այդ ծրագրի հիմքում, որը շատ հարցերով համընկնում էր Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են հիմնարար սկզբունքներ, այդ թվում՝ առաջին փուլում 5 շրջանների վերադարձը Ադրբեջանին, երկրորդ փուլում՝ երկու, ընդ որում, ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ»,- ասվում է Պոպովի արձագանքում:

Վերջինս նշել է նաև, որ առաջին փուլում Երևանի շահերն ընդգծող այլ կետերից էին Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքի ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստներին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման պարտավորության ստանձնում կողմերի միջև: «Այդ իսկ պատճառով պնդումը, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- հավելել է ռուս համանախագահը:

«Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում համազգային քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան»:

Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում»,– հավելել է դիվանագետը:

Վերջինս ընդգծել է, որ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը չի մերժել այդ առաջարկները, սակայն լիարժեք համաձայնության հասնել չի հաջողվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում