Ալիևի պահանջների ու Նիկոլի «հավասարակշռության» միջև

Ալիևի պահանջների ու Նիկոլի «հավասարակշռության» միջև

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amԱդրբեջանի իշխանությունները որոշում ունեն՝ նրանք հայ ռազմագերիներին վերադարձնելու են միայն այն դեպքում, երբ հայկական կողմը զորքը դուրս բերի Արցախից։ Ալիևն իրենց այդ նախապայմանի մասին արդեն տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը զավթած դավաճան Նիկոլին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ ի՞նչ է ասել ի պատասխան դրա Նիկոլ Փաշինյանը։ Ոչինչ։ Նա ընդհանրապես ոչինչ չի ասում, երբ Ալիևը նրան պահանջներ է ներկայացնում։ Հնազանդ կատարում է։

Ադրբեջանական մամուլում այս մասին արդեն տեղեկություններ կան։ Այնտեղ վստահ են, որ շուտով Արցախի հայությունը կմնա բացառապես խաղաղապահ զորքերի հույսին։ Կասկածելու առիթ էլ, ցավոք, չունեն. Հայաստանն իսկապես դուրս է բերում զորքերը Արցախից։ Շատերին հերթափոխի անվան տակ, շատերին իբրև թե արձակուրդ են ուղարկում, բայց փաստն այն է, որ ժամկետային զինծառայողները հետո Արցախ չեն վերադառնում։ Զորքը տեղադրվում է ադրբեջանցի զինծառայողների ձեռքին առկա gps համակարգերի միջոցով «գծված» ՀՀ սահմաններին։

Այս խնդրի մասին խոսելու առիթ ես արդեն ունեցել եմ։ Բայց, երևում է, մեր հասարակությունը դեռևս լիարժեք չի գիտակցել ո՛չ կատարված դավաճանության մասշտաբները, ոչ էլ կատարվող դավաճանության հետևանքները հայկական պետությունների ու հայ ժողովրդի համար։ Եվ սա սարսափելի է։

Իսկ շարունակությունն ավելի ողբերգական է լինելու։ Որովհետև դավաճան Նիկոլը, ինչպես արդեն ասացի, սկսել է Ալիևի հերթական պահանջի կատարումը։ Այս հարցում նա նույնպիսի որոշում և հստակ մտածված ռազմավարություն ունի։ Նպատակը մեկն է՝ այնպես անել, որ Արցախից հայկական զորքերի դուրսբերումն ու ռազմագերիների խնդիրը, մեկը մյուսին հավասարակշռելով ու փոխլրացնելով, կառավարելի դարձնեն այս երկու ցավոտ հարցերից էլ բխող հանրային հնարավոր դժգոհությունները։ Այսինքն, այնպես անել, որ ո՛չ գերիների պատճառով ժողովուրդը ոտքի կանգնի դավաճանների իշխանության դեմ, ո՛չ էլ Արցախից զորք դուրս բերելու պատճառով նման բան լինի։

Կարծում եք՝ անլուծելի՞ խնդիր է։ Ցավոք՝ ոչ։ Ի՞նչ է անում Փաշինյանը։ Հետևյալը՝ հենց տեսնում է, որ Արցախն անպաշտպան թողնելու իր մարտավարության հետևանքով հանրային դժգոհությունների ալիքը մեծանում է, նա սադրում է ռազմագերիների և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին որևէ գործողության և այդկերպ «շեղում» հանրային ուշադրությունը Արցախը ծախելու փաստից։ Եվ հակառակը՝ հենց նկատում է, որ մարդիկ «բավարար չափով» կենտրոնացած են ռազմագերիների թեմայի վրա, նոր թափ է հաղորդում զորքերը հանելու գործընթացին։ Ահա այսպիսի նիկոլական «հավասարակշռություն»։

Իսկ վերջերս՝ ճիշտ այն բանից հետո, երբ Ալիևը հայտնել է հայ ռազմագերիներին հետ վերադարձնելու իր նախապայմանի մասին, Հայաստանի դավաճան իշխանությունները սկսել են նոր կեղտոտ շոուներ բեմադրել։ Նրանք փողոց են դուրս բերում զինծառայողների հարազատների, ովքեր հայտարարում են, որ Արցախը հայկական չէ և որ իրենց որդիները չպետք է ծառայեն այնտեղ։ Հետո այդ մարդկանց խոսքերն ակտիվ տարածվում են իշխանական լրատվամիջոցների ու քարոզիչների կողմից։ Այդկերպ դավաճան Նիկոլը Արցախը հանձնելու «հանրային պահանջ է» ձևավորում։ Համենայնդեպս, հավատում է, որ կարող է։

Իսկ մե՞նք։ Մենք, իհարկե, պարտավոր ենք ընդդիմանալ այս ամենին և հասկանալ, որ հայկական շահը ոչ մի կերպ չի տեղավորվում Ալիևի պահանջների ու Նիկոլի «հավասարակշռության» տիրույթում։ Այն պահին, երբ դավաճան Նիկոլը սկսել է Արցախից զորք դուրս բերելու գործընթացը, Ադրբեջանում հայտնված մեր ռազմագերիները կորցրել են հնարավորինս շուտ Հայրենիք վերադառնալու իրենց վերջին շանսը։ Թշնամին հիմա սպասելու է, որպեսզի Նիկոլը ավարտին հասցնի իր հերթական դավաճանությունը և միայն դրանից հետո կվերադառնա ռազմագերիների խնդրին։ Սա անթույլատրելի և անընդունելի գործընթաց է, որը հնարավոր կլինի կասեցնել միայն այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը վերջապես կթոթափի դավաճանի իշխանությունը Հայաստանում և կստանձնի իր անվտանգության ու ապագայի պատասխանատվությունը։ Այլ տարբերակ գոյություն չունի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում