Սա մեր դիվանագիտության ավերված լինելու վառ ապացույցն է. Միքայել Մինասյան

Սա մեր դիվանագիտության ավերված լինելու վառ ապացույցն է. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՍուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ նշելով, որ Արցախում միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ հերթական պատերազմը սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորսված ու խեղված կյանքերի պատասխանատուն՝ Ադրբեջանը, հրավիրվել է «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովին: Մինասյանն ուշագրավ է համարում այն փաստը, որ Ադրբեջանին հրավիրողն Իտալիան է:

«Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին: Իտալիան, որը ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, որը միշտ Հայաստանի կողքին էր թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին: Իտալիան, որը Հայաստանին առնչվող հարցերում ուներ առնվազն հավասարակշռված մոտեցումներ:

Արյան մեջ թաթախված Ադրբեջանին գագաթնաժողովին հրավիրելով՝ Իտալիան նույնիսկ հարկ չի համարել ապահովել հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին: Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնական գործիչները և, առհասարակ, հանրությունը ձևացնում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Մենք որոշել ենք, որ ամեն ինչ անցյալում է և նոր առաջնահերթություններ ենք առաջ քաշել: Այդ դեպքում ինչո՞ւ օրինակ իտալացիները պետք է ավելի շատ սիրեն Հայաստանը, քան մենք՝ հայերս:

Վերոնշյալը հերթական վառ և դրանից էլ ավելի դառն ապացույցն է առ այն, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և պետական ինստիտուտները ավերված են և անգործունակ: Նիկոլիզմը քանդեց մեր պետությունը ներսից և զրոյացրեց Հայաստանի ազդեցությունը դրա սահմաններից դուրս: Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեզ վրա ոտք են մաքրում: Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող (և չի լինի) այլ լինել:

Քանի դեռ ինքներս մեզ չենք հարգում, ուրիշները մեզ հարգելու առիթ չունեն»,-եզրափակել է Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում