Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Tert.amՌուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող, որոնց ԱԱԾ-ն ձերբակալել էր 2021 թվականի ոհւնվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտակայքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Բացի այդ նշվում է, որ 2021 թվականի հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ առաքելության հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով իրականացվել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի տարհանում Վանք բնակավայրից: Նրանց փոխանցել են ադրբեջանցի բժիշկներին:

«Ռուսական առաքելության զորախումբը շարունակում է կատարել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջին մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 96 արցախցի: Նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի իրենց մշժտական բնակության վայրեր են վերադարձել 51 947 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում