Տրանսպորտի հարցով Երեւանի քաղաքացին ու քաղաքապետն ընդհանուր լեզու կգտնեն. Արմեն Աշոտյան

Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների ուղեվարձի հարցի շուրջ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդհանուր լեզու կգտնի մայրաքաղաքի բնակչության հետ: Հուլիսի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Շատ ուրախացնող համերաշխություն է տիրում քաղաքում: Հանրային ընկալումների շրջանակներն ինձ համար ուրախացնող եւ ընդունելի են: Այդ միասնականությունն ու փոխօգնությ ան մթնոլորտը լրացուցիչ հմայք են հաղորդել մեր քաղաքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աշոտյանը:

ԿԳ նախարարը գովեստի խոսքեր ասաց հասարակական ակտիվիստների մասին՝ տրանսպորտի սակագնի շուրջ ծավալված շարժման քաղաքականացում եւ «քաղաքական դիակների վերակենդանացում» թույլ չտալու ուղղությամբ կատարված ջանքերի համար:

Երեւանը սպասարկող երթուղային տաքսիների ու ավտոբուսների սակագինը հուլիսի 20-ից թանկացավ 50 տոկոսով՝ դառնալով 150 դրամ, իսկ տրոլեյբուսներինը՝ 50-ից դարձավ 100 դրամ: Անփոփոխ է մնացել միայն մետրոյի սակագինը: Երեւանում բողոքի ցույցեր եւ ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են վերականգնել տրանսպորտի նախկին սակագինը: Երեւանի քաղաքապետը պատրաստվում է հուլիսի 25-ին հրապարակային հայտարարություն անել տրանսպորտի սակագների առնչությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում