Խորհուրդ չեմ տա որևէ մեկին, այդ թվում՝ մյուս ուժային կառույցներին, դուրս գալ բանակի և գեներալների դեմ, ձեզ կտրորեն, եթե փորձեք բանակի դեմն առնել. Մովսես Հակոբյան (տեսանյութ)

Խորհուրդ չեմ տա որևէ մեկին, այդ թվում՝ մյուս ուժային կառույցներին, դուրս գալ բանակի և գեներալների դեմ, ձեզ կտրորեն, եթե փորձեք բանակի դեմն առնել. Մովսես Հակոբյան (տեսանյութ)

Ես ճանաչում եմ մեր բոլոր գեներալներին, նրանք պատահական մարդիկ չեն, դա ԶՈւ ղեկավար կազմն է՝ Գլխավոր շտաբի պետ, տեղակալներ, վարչությունների պետեր, կորպուսների հրամանատարներ, վստահ եմ՝ այս կոչին կմիանան նաև ավելի ցածր օղակի բոլոր սպաները, քանի որ սա ոչ թե մեկ օրվա, այլ վերջին երկուսուկես տարում այս իշխանության վարած քաղաքականության արդյունքն է, համբերության բաժակը լցվել է, դանակը հասել է ոսկորին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Այս իշխանության համար նորություն չէ, որ երբ իրենց թիմակիցն ես, լավագույնն ես, երբ պաշտոնից հեռանում ես, բոլոր մեղքերը փորձում են բարդել քեզ վրա։ Առաջին օրվանից սկսած՝ իրենց բոլոր բացթողումները, պատերազմը տանուլ տալը վերագրում են նախկիններին։ Նախկինները մինչև հիմա իշխանությա՞ն են, իսկ իրենք՝ ընդդիմությո՞ւն։ Այդպես էլ չհասկացան, որ երկրի ղեկավարն իրենք են և պատասխանատվություն են կրում, անթույլատրելի է ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Բանակում դա պատասխանատվությունից խուսափելու ձև է»,- ասել է Արցախի հերոսը:

Ըստ Հակոբյանի՝ երբ գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել են իրավիճակը, նա պետք է ճիշտ եզրահանգումներ կատարեր, ընդհուպ հրաժարական տար, եթե կարծում էր, որ իրավիճակի հանգուցալուծումն իր ուժերից վեր է. «Նա սկսեց պոպուլիստական հայտարարություններ անել, հուսադրել, թե ամեն ինչի պատրաստ ենք, բայց վիժեցրեց դիվանագիտական ճանապարհով հարցի լուծումը, պարտադրեց պատերազմ, շատ վատ կառավարման արդյունքում երկիրը բերեց կապիտուլյացիայի։ Ես բացառում եմ, որ որևէ զինվորական, որը սահմանին գոնե մի օր կանգնել է, երազի պարտության մասին, ինչպես վարչապետն է ասում։ Ցանկացած զինվորականի համար բանակն իր զավակն է, դու չես կարող զավակիդ մահը ցանկանալ»:

Արցախի ՊԲ նախկին հրամանատարի կարծիքով՝ երկրի ղեկավարը մինչև հիմա չի հասկացել, թե ինչ է բանակը, ԱԱԾ-ն և ոստիկանությունը, ավելին՝ ծանր պարտություն կրելուց հետո էլ բանակի վիճակը ճիշտ չի գնահատում. «Ուժային կառույցներին իրար դեմ հանելու որոշումը սխալ է, ուժերի և միջոցների տարբերությունն ակնհայտ է, խորհուրդ եմ տալիս որևէ մեկին դուրս չգալ բանակի և գեներալների դեմ։ Այսօրվա զինվորականները և զորացրվածները կտրորեն և կանցնեն այն ուժերի վրայով, որոնք կփորձեն բանակի դեմն առնել։ Վստահ եմ, որ բանակը չի գնա ուժային գործողությունների։ Պատկերացնում եմ՝ մեր գեներալներին ինչ վիճակի են հասցրել, որ նրանք նման հայտարարություն են արել»:

Գեներալ-գնդապետի պնդմամբ՝ նոյեմբերի 10-ին, երբ Երևանում անկարգություններ էին, բոլորն ընդհատակում էին, բանակի ղեկավարությունն է հանդարտեցրել իրավիճակը, և որևէ մեկը չպետք է կասկածի բանակի կամքի վրա: «Վարչապետը փորձում է ժողովրդին և ուժային կառույցներին իրար դեմ հանել, դա երկրի կործանման է տանում։ ԱԱԾ-ին նախկինում էլ են գեներալներին ձերբակալելու հրամաններ տրվել, հրաժարվել են կատարելուց։ Չեմ պատկերացնում, թե ինչպես է ԱԱԾ-ն ԶՈւ գեներալների ձերբակալելու։ Հիմա արդեն պարզ է, որ Փաշինյանը դավաճան է, քանի որ «Իսկանդերի» հրթիռի՝ իբր տասը տոկոսով պայթելու մասին նա կարող էր իմանալ միայն Ադրբեջանից։ Բացառվում է, որ այլ մեկը նրան նման տվյալ տար։ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի»,- ամփոփել է Մովսես Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում