Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան

Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Բեքարյան

«Վերջին իրադարձություններից հետո մեր երկիրը սկսել է անվստահություն վայելել, երկրի նկատմամբ արտաքին դերակատարների վերաբերմունքը աննկարագրելի անկում է ապրել»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով, Հայաստանը խնդիրներ ունի․վերջին 2.5 տարիներին արտաքին դիվանագիտությունն ընդհանրապես բերվել է խարխլված վիճակի։ Ըստ նրա, տարածաշրջանային հարևանների հետ հարաբերությունները խարխլված են, ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ էլ հարաբերությունները զրոյական մակարդակում են, ավելին՝ զրոյից էլ ցածր։

«Շատ օբյեկտիվ պատճառով, բոլորը կենտրոնացած են այսօրվա վրա, բայց պետք է մտածել նաև ապագայի մասին։ Ես կարևորում եմ, որ մեր հանրությունն էլ պատկերացնի՝ խնդիրը չի ավարտվելու իշխանափոխությամբ։ Մենք հիմա պետք է բոլոր ոլորտները փշրված վիճակից բարձրացնենք վերև։ Եվ առաջինը այս իշխանությունը պետք է հեռանա։ Սա քննարկման ենթակա հարց չէ։

Դժվար է պատկերացնել որևէ գործընկեր, որը կարող է նստել ու լուրջ հարց քննարկել այս իշխանության հետ։ Դրա պատճառը և՛ պարտված պատերազմն է, և՛ 2.5 տարում ջախջախված հարաբերությունները, և հարգանքի իսպառ բացակայությունը։ Բացի այդ, այս չդադարող պարտությունը պետք է կանգ առնի։ Առաջին հերթին դա լինելու է դիվանագիտական աշխատանքի արդյունք։ Այսօր իշխանությունները շահարկում են, որ ընդդիմության՝ իշխանության գալը կարող է պատերազմ բերել։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ դա բացարձակ սուտ է։ Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում»,- շեշտեց քաղաքագետը։

Նա նկատեց, այս իշխանությունը եթե չլինի, նորի առաջին խնդիրը կլինի չդադարող պարտությանը վերջ տալը։

«Դիվանագիտական աշխատանք է պետք։ Որպեսզի Մինսկի խումբը գործի, աշխատանք է պետք։ Մենք այսօր ունենք իրական օրակարգ՝ նստելու և մեր ռազմավարական գործընկերոջ հետ հասկանալու, որ եթե այս պատերազմը կանգնել է, ո՞նց կարող են փաստաթղթից զատ գործողություններ լինել՝ հօգուտ Ադրբեջանի կամ Թուրքիայի։ Սա հասկանալու պարագայում մյուս բոլոր ուղղություններում փակագծերը կբացվեն։ Այսինքն՝ այսօր երկիրն ուղղակի կոճակով անջատված է։ Իրենց հեռանալը ցույց կտա ճաապարհը, իսկ այդ ճանապարհը հստակ ու հասկանալի է»,- ներկայացրեց ԿարեՆ Բեքարյանը։

Ըստ նրա, այսօրվա ստաուս-քվոն բավարար չէ, բայց դա չի նշանակում, որ պատերազմ է ենթադրվում։

«Հանրությանը հատուկ ներկայացվում է, թե ընդդիմությունը պատերազմ է ուզելու, բայց ոչ, ռազմական գործողություններ չեն կարող սկսվել»,- շեշտեց Կարեն Բեքարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում