Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան

Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան

Խորհրդարանում հայտարարությունների ժամ է։ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադարձավ երեկ Ադրբեջանում բացված պուրակին, որտեղ ներկայացված էր Արցախյան վերջին պատերազմում իրենց՝ հայկական կողմից զավթած ռազմավարը։

«Այսօր շատ խոսվեց այդ տխրահռչակ պուրակի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք, բացի խոսելուց։ Կարծում եմ, որ մենք իրավական քայլեր անելու անհրաժեշտություն ունենք։ Մենք պետք է իրավական հակակշիռ ստեղծենք, և Ալիևին պատասխանենք իր ոճով։ Մինչև հիմա Ալիևի կողմից, նրա հրահանգով Հայաստանի մոտավոր 300 քաղաքացիների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում։ Ի՞նչ է արել ՀՀ դատախազությունն այս ուղղությամբ»,- հարց հնչեցրեց պատգամավորը։

Ապա Թագուհի Թովմասյանը հավելեց, որ մինչև հիմա անգամ պարզ չէ այն 300 քաղաքացիների անունները, որոնց նկատմամբ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել։

«Մենք մեր գլխավոր դատախազության կողմից որևէ քայլ չենք տեսել Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասով։ Ի վերջո, դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել տարբեր հանցագործություններ, իրականացրել է այնպիսի վայրագ գործողություններ, որոնք մերժելի են մի շարք կոնվենցիաներով ու օրենքներով»,- շեշտեց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ այս պահին Հայաստանը հետախուզում է հայտարարել մեկ ադրբեջանցու՝ ֆուտբոլային մեկնաբանի նկատմամբ։

«Հիմա մեր ձեռքերն ազատ են հետախուզելու և դժվարություններ ստեղծելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, որպեսզի նրանք չկարողանան օգտվել տեղաշարժի իրենց ազատությունից։ Ինչո՞ւ ենք մենք խեղճացել, ինչո՞ւ ենք միայն պաշտպանվողի դերում։ Մենք պարտվել ենք պատերազմում, բայց դա չի նշանակում, որ իրավական հակակշիռներ չպետք է ստեղծենք»,- ասաց պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում