Ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ հրադադարի ռեժիմի խախտման մասին

Ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ հրադադարի ռեժիմի խախտման մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։

«Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշվում է հայկական կողմի հաղորդագրության մեջ:

Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ադրբեջանական կողմը։

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հաղորդել է, որ նշված հատվածում կան ինչպես ադրբեջանական ստորաբաժանումներ, այնպես էլ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայության դիրքեր, որոնց ուղղությամբ հայկական կողմից կրակոցներ են արձակվել։

«Դեպքի կապակցությամբ ռուս սահմանապահները դիմել են իրենց ադրբեջանցի գործընկերներին՝ ասելով, որ «սադրիչները» հարբած են եղել և խնդրել են չարձագանքել միջադեպին: Հաշվի առնելով ռուսական կողմի խնդրանքը՝ ադրբեջանցի սահմանապահները զսպվածություն են ցուցաբերել և չեն պատասխանել»,-նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում