Հայաստանն ու Արցախը անվտանգային նոր մարտահրավերների շեմին. Տիգրան Աբրահամյան

Հայաստանն ու Արցախը անվտանգային նոր մարտահրավերների շեմին. Տիգրան Աբրահամյան

Tert.am-ը հրապարակում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հոդվածը՝ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգային նոր մարտահրավերների մասին: Ըստ Աբրահամյանի՝ ներկայիս իրողությունները, հատկապես անվտանգային խնդիրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի գործող կառավարությունը իրավիճակի ճիշտ ախտորոշում չունի, որևէ ձևով առաձնացված չեն առաջնահերթությունները և, բնականաբար, այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ չեն իրականացվում։ Հոդվածը՝ ստորև.

Հայաստանի, Արցախի՝ մեր ընդհանուր անվտանգային միջավայրի, խնդիրների, մարտահրավերների մասին ծավալվելու բավականին մեծ ճակատ կա։ Կփորձենք անդրադառնալ դրանցից առաջնահերթ մի քանիսին:

Պետք է արձանագրենք, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծավալված ռազմական գործողություններն ու դրա արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը, խնդրի տարբեր բաղադրիչների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, առհասարակ, հետպատերազմյան իրավիճակին հետևած գործընթացները Հայաստանի ու Արցախի համար սպառնալիքների նոր խմբաքանակ ներմուծեցին։ Այն մարտահրավերները, որոնք կային մինչև պատերազմական գործողություններ, առավել ևս՝ մինչև 2018 թվականի հայտնի իրադարձություններ, կրկնակի աճեցին։

Հետպատերազմյան Արցախի առաջնային խնդիրն անխոս անվտանգությունն է։ Ամենատարբեր մակարդակներում դրա խոցելիությունը հանգեցնում է ծանր հետևանքների՝ խորը հիսաթափությունից մինչև արտագաղթ, սոցիալ-տնտեսական իրավիճակից՝ ծանր հոգեբանական իրավիճակ։

Դիվանագիտական առումով, թիվ մեկ խնդիրը Արցախի կարգավիճակի շուրջ ստեղծված անորոշությունն է, որի մասին թերևս որոշակի պարբերականությամբ հնչեցվում է, սակայն ներկայումս ամենատարբեր մակարդակներում ընթացող բանակցություններում առաջնային օրակարգ չի բերվում։

Արցախի կարգավիճակի հարցն ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ և դա հետագա տարիների քննարկմանը թողնելը Արցախի համար նոր սպառնալիքներ է ստեղծում։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նպատակ էր հետապնդում կանգնեցնելու պատերազմը, հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերելու, սակայն խնդիրն ավելի մեծ կոնտեքստում ոչ միայն կա, այլ առավել ընդգրկուն տեսք է ստացել։

Հենց միայն այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հնգամյա ժամկետ ունի, և բառացիորեն հինգ տարի մեկ երկիրը կարող է կանգնել նոր պատերազմի շեմին, արդեն իսկ խոսում է այն մասին, որ նույնիսկ այսպիսի ծանր պայմաններով պատերազմ կանգնեցնելն ու խիստ հարաբերական խաղաղության պահպանումը կայուն բնույթ չեն կրում և տարբեր ժամանակային կտրվածքով նոր սպառնալիք են խոստանում։

Երկրորդ խնդիրը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չարձանագրված անվտանգային միջոցառումների մեխանիզմների բացակայությունն է։ Արդյունքն ու դրսևորումն էլ այն է, որ չնայած Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ակտիվ գործունեությանը, ադրբեջանական սադրանքները տարբեր ուղղություններ շարունակվում են։ Դրանցից շատերն, ի դեպ, չեն հրապարակվում, դրանց մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տրվում։

Արցախի ներկայիս առաջնագիծը, որն անցնում Ստեփանակերտի, Մարտունու, Ճարտարի, Ասկերանի, Մարտակերտի անմիջական մատույցներով և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական առումով Ադրբեջանին հնարավորություններ է տվել ճնշումների, ամենատարբեր ձևով Արցախի ու Հայաստանի վրա ազդելու։

Մինչև 2018 թվականը, անկախ բանակցային գործընթացի տարբեր փուլերում նկատված դժվարություններից, լարվածությունից կամ ճգնաժամերից, Հայաստանն ու Արցախն ունեցել են մարտունակ բանակ, որը ոչ միայն զսպող դերակատարություն է ունեցել 2-3 տասնամյակ, այլ ամենատարբեր ժամանակահատվածներում ի ցույց է դրել իր կենսունակությունն ու տարբեր իրադրությունների պատրաստ լինելը։ Դիվերսիոն պատերազմներ, ապրիլյան մարտական գործողություններ, հատկապես վերջին տասնամյակում սահմանին տեղի ունեցած ցանկացած սրման, էսկալացիայի պատասխանը դիվանագիտական գործընթացներից բացի տրվել է հենց զինված ուժերի կողմից։

Սակայն, ցավալիորեն, պետք է արձանագրենք, որ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո Զինված ուժերի վերականգնման, վերակազմավորման, մեծ հաշվով անհրաժեշտ բարեփոխումների գործընթաց այդպես էլ չեղավ, ինչը մի կողմից լուրջ խնդիրներ է առաջացնում սահմանագծում պահպանության կազմակերպման, մյուս կողմից՝ հնարավոր սրացումների պայմաններում անհրաժեշտ խնդիրների լուծման տեսանկյունից։

Մոտ 2 շաբաթ առաջ Հայաստանի պետական սահմանի կոպիտ խախտումը և ադրբեջանական զորքերի Հայաստանի տարածքում հայտնվելն ինքնին խոսում է այն մասին, որ ոչ միայն անվտանգային անհրաժեշտ համակարգեր չեն ներդրվել, թշնամու առաջխաղացումը չի կանխվել, այլ հետագայում էլ անհրաժեշտ միջոցառումներ չեն իրականացվել։ Արդյունքն այն է, որ այս իրավիճակից օգտագործելով, Ադրբեջանը զիջումների նոր օրակարգ է ներկայացրել։

Եթե զուգահեռ իրականության մեջ քննարկենք Հայաստանի ու Արցախի սահմանային իրավիճակը, ապա որոշակի առանձնահատկություններով հանդերձ, հետպատերազմյան նոր իրողությունները խոշոր անվտանգային խնդիրներ են առաջացրել։

Արցախում ռուսական զորախմբի առկայության պայմաններում սահմանագծին մարտական հերթապահություն շարունակում են իրականացնել հայկական զորքերը, որոնք շատ հատվածներում թշնամու հետ ունեն մի քանի տասնյակ մետր միջդիրքային տարածություն։ Ընդ որում՝ կա ձևավորված նոր առաջնագիծ, որտեղ ինժեներական, կահավորման, ենթակառուցվածքային լուրջ համակարգեր չկան, որի պայմաններում սադրանքներ հավանականությունը կտրուկ աճում է։

Ռուսական բլոկ-պոստերը տեղակայված են Արցախի տարբեր կարևոր հանգույցներում, սակայն իրար դեմ-դիմաց շարունակում են մնալ Արցախի ու Ադրբեջանի զորքերը։ Մի կողմից ունենք՝ Հայաստանից Արցախ զորակոչի դադարեցում, մյուս կողմից՝ մեծացող անվտանգային ռիսկեր և ընդլայնված սահմանագիծ, որի ապահովումը տարբեր սխեմաներով հնարավոր է, սակայն Հայաստանը դրա ապահովման ուղղությամբ լուրջ աշխատանք չի տանում։

Սրան զուգահեռ Արցախում հայտարարված պայմանագրայինների հավաքագրման, աշխարհազորի՝ մարտական հերթապահությունում ընդգրկման աշխատանքների մեկնարկը կարևոր գործընթաց է, սակայն դրա հետ կապված մեծ թվով խնդիրներ դեռևս կարգավորված չեն։

Եթե զուգահեռ դիտարկենք Հայաստանի սահմանագիծը, ապա բացի վերջին օրերին էպիկենտրոնում հայտնված Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի տարբեր տեղամասերից, լրջագույն խնդիր կա Սյունիքի՝ Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում, որի տարբեր մասերում գլխավոր մայրուղին գտնվում է Ադրբեջանի ուղիղ վերահսկողության տակ կամ անցնում է Ադրբեջանի հետ շփման գծի անմիջական հարևանությամբ։

Մեծ խնդիրներ են կուտակվել նաև այն բնակավայրերում, որոնք հետպատերազմյան իրողությունների պայմաններում հայտնվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների հարակից հատվածում։ Այս բնակավայրերում անվտանգության և բնականոն կյանքի ապահովման տեսանկյունից լուրջ աշխատանքներ չեն իրականացվել։ Ընդ որում՝ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից հետո, և՛ Հայաստանի, և՛ Արցախի հատվածում Ադրբեջանը մեծ աշխատանք է տարել ինչպես պաշտպանական ենթակառուցվածքների, այնպես էլ՝ զորքերի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ։

Ներկայիս իրողությունները, հատկապես անվտանգային խնդիրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի գործող կառավարությունը իրավիճակի ճիշտ ախտորոշում չունի, որևէ ձևով առաձնացված չեն առաջնահերթությունները և, բնականաբար, այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ չեն իրականացվում։

Իսկ զարգացումների դինամիկան այնպիսին է, որ չլուծված հարցերը նոր խնդիրների են հանգեցնելու, եղած ռիսկերն աճելու են, իսկ անվտանգային առումով ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվելու փոխարեն առավել խորը բնույթ է կրելու։

Հասկանալի է, որ նման պայմաններում, եթե նույնիսկ պատերազմական գործողությունները չվերսկսվեն, ապա եղած իրադրությունն Ադրբեջանին դիվանագիտական հարթությունում անհամեմատ բարենպաստ դիրքավորում է ապահովելու, ինչը հետագա տարիների համար Հայաստանի առաջ դրվող նոր զիջումների և կորուստների է հանգեցնելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում