Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ

Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ

Ռուսերենի անվճար դասընթացներ, ինտերակտիվ քննարկումներ, կինոդիտումներ, ռուս գրականություն, կրթական նյութեր․ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում արդեն գործում է նորաբաց «Ռուսական կենտրոն»-ը։ Կրթական կենտրոնը ստեղծվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ, Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և բարերար Արսեն Մնացականյանի հովանավորությամբ։

Ռուսական կենտրոնի ընթերցողներն ու այցելուները կարող են ծանոթանալ Ռուսաստանի մասին կրթաճանաչողական նյութերին, ներկայացված է մեծ գրականության։ Կենտրոնը հագեցած է տեխնիկայով, որը տարբեր ձևաչափերով հասանելի է դարձնում Ռուսաստանի պատմամշակութային և գրական ժառանգությունը լայն շրջանակների համար։

Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Հայաստանում ՌԴ Գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և կենտրոնի բարերար Արսեն Մնացականյանը։ Ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ։

«Կրթությունը՝ զարգացած պետության գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երեխաներին համալրել գիտելիքները և իմանալ ավելին ռուս գրականության ու լեզվի մասին։ Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով կարող են ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև բարելավվել ռուսերենի մակարդակը։ Սա ևս մեկ քայլ է ամրապնդելու ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը և իհարկե, ակտիվացնելու մարզային կյանքը», – ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Այս կենտրոնը ռուսերենի, գրականության և մշակույթի տարածման հարթակ է, որը կհամախմբի դպրոցականներին, երիտասարդությանը։ Այստեղ կարող են լինել հետաքրքիր քննարկումներ գրականության, արվեստի և մշակույթի մասին․ այս կենտրոնը կարող է միավորել երիտասարդությանը և ստեղծել կրթական ժամանց»,- նշեց «Ռուսական կենտրոնի» բարերար Արսեն Մնացականյանը։

Կենտրոնի բացման արարողությունից հետո Վանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ կրթության, մշակույթի, սոցիալական և հումանիտար հարցերի շուրջ:
Ռուսերենի անվճար դասընթացների նախորդ շրջափուլի մասնակիցները ստացան սերտիֆիկատներ երկամսյա կուրսերը ավարտելու համար և ներկայացրեցին բաց դաս «Հայրենիք» թեմայով և հյուրերին ցույց տվեցին իրենց գիտելիքները՝ ռուսաց լեզվի ասպարեզում։

Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երկրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում։ Հաջորդ «Ռուսական կենտրոնը» կբացվի Արմավիրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում