Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին

Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին

Հայտնի բժիշկ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով «Իզմիրլյան» ԲԿ-ի անձնակազմը և մի շարք այլ բուժաշխատողներ հենց բժշկական համազգեստով ՀՀ գխավոր դատախազության մոտ ակցիա են անում։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը:

Բժիշկները ստորագրահավաք են իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել Արմեն Չարչյանին։ Այն ստորագրել է բժշկական հանրության 539 ներկայացուցիչ։

Բժիշկների ստորագրած նամակն ուղղված է ՀՀ քաղաքացուն, Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, վերաքննիչ դատարանին, արդարադատության և առողջապահության նախարարներին, Մարդու իարվունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Բժիշկները խնդրել, հորդորել, պահանջել են վերացնել կալանքը, որպեսզի «պրոֆեսորի հոգին հանդարտվի, հետևաբար նրա մարմինը ևս կբուժվի, պրոֆեսորին ընտրած հիվանդը նրա մատներով ամոքվի, մեր հոգին էլ հանդարտվի, մենք էլ հոգով բուժենք։

Ենթադրում ենք, վաղը, հաջորդ օրերին կարող է չկարողանանք հավատարիմ մնալ Հիպոկրատի պատգամներին՝ բուժել հոգով և սրտով, ենթադրում ենք, որ կարող է հագնենք ստիպված խալաթները և ալեկոծենք փողոցները, հետո երևի շատանանք, շատանանք»։

Նամակում նաև նշված է. «Մասնագիտական գործունեության բերումով համոզված ենք, որ ՀՀ-ում մարդու կյանքը պետք է գերակա արժեք լինի, մարդու կյանքի որակի բարելավումը նախապայմանն է բոլոր այլ տեսակի բարեկեցությունների։

Մարդու կյանքի պահանման և նրա որակի բարելավման սուրբ գործին ենք մենք ծառայում։ Կարծում եմ՝ ոչ ոք և ոչինչ մեզ չպետք է խանգարի շարունակելու ծառայել այդ նպատակին։ Մեր եղբայր, ընկեր, գործընկեր, ուսուցիչ, պրոֆեսոր Չարչյանը կալանավորված է։ Երկար տարիներ տառապում է ծանր ինսուլինակախյալ շաքարային դիաբետով, որի մի շարք ծանր բարդույթունների պատճառով տեսողական խնդիրների կապակցությամբ վիրահատվել է, սրտամկանի անոթների ծանր ախտահարումների կապակցությամբ վերջերս իրականացվել է երեք անոթների ստենդավորում։

Երիկամների սուր մեխանիկական անբավարարության կապացությամբ մի քանի օր առաջ ստացել է ինտենսիվ բուժում, ապա կատարվել է քարափշրում։

Պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի առջև ամեն օր հիվանդների մեծ հոսք է, որոնք իրացնելով բժշկին ընտրելու իրենց սահմանադրական իրավունքը, ցանկանում են վիրահատվել նրա մոտ»։

Նամակում նշվում է, որ վերջին տաս օրերին, թեև առողջական խնդիրներին, պրոֆեսոր Չարչյանը չի դադարել զբաղվել իր սուրբ գործով և ամեն օր կատարել է բարդ վիրահատությունները։

Նամակը դատախազություն հանձնելուց հետո բուժաշխատողները շարժվեցին դեպի արդարադատության նախարարություն, այնուհետև՝ կառավարություն, առողջապահության նախարարություն, Բաղրամյան 26 և ՄԻՊ գրասենյակ։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։ Պաշտպանները հունիսի 24-ին ներկայացրել են վերաքննիչ բողոք։

Պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում