Իրավիճակը սահմանում։ Ի՞նչ խնդիրներ է լուծում Ադրբեջանը

Իրավիճակը սահմանում։ Ի՞նչ խնդիրներ է լուծում Ադրբեջանը

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը գնալով լարվում է։ Երեկ արդեն տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Երասխի ուղղությամբ Նախիջևանի հետ սահմանում թշնամին կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ ու ականանետ։ Համացանցում լուրեր են շրջանառվում նաև այն մասին մասին, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային առաջխաղացում ունենալ սահմանի այդ հատվածում։ ՀՀ ՊՆ-ն, որ նախօրեին երկու հաղորդագրություն է տարածել սահմանային զարգացումների մասին, դիրքային փոփոխություններին վերաբերող այդ լուրին որևէ կերպ չի անդրադարձել։ Պաշտպանական գերատեսչությունն այդ առիթով միայն նշել է, որ «շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու»։

Թե այդ երբ ՀՀ պետական սահմանը դարձավ «շփման գիծ» քննարկման այլ թեմա է։ Առաջիկայում Times.am-ը իհարկե կփորձի պաշտոնական աղբյուրներից պարզել այս հարցի պատասխանը։ Իսկ հիմա փորձենք հասկանալ մեկ այլ բան՝ ինչու՞ է սահմանում ահա այսպիսի վիճակ։

Փորձագիտական և լրատվական շրջանակներում այս առնչությամբ ամենատարածված կարծիքը հետևյալն է՝ բացի 2020թ. նոյեմբերի 10-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածություններից, պաշտոնական Երևանն ու Բաքուն ունեն այլ գաղտնի պայմանավորվածություններ (կամ հիշատակված փաստաթղթերի գաղտնի հավելվածներ), որոնք կյանքի կոչելու համար կողմերը ժամանակ առ ժամանակ արյունալի ներկայացումներ են բեմադրում։ Նման պայմանավորվածությունների մասին տեղեկություններ արդեն արտահոսել են մամուլ՝ այդ թվում ՀՀ բարձրաստիճան ղեկավարների շուրթերից։

Խոսքը ընդհանուր առմամբ վերաբերվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին, իսկ մասնավորապես՝ այսպես կոչված «անկլավների»՝ Ադրբեջանին հանձնելու խնդրին։ Ըստ այդմ, ինչպես կարելի է ենթադրել, այսօր օրակարգում Տիգրանաշենի և Տավուշի մարզի մի քան գյուղերի հարցն է։ Երկու ուղղությամբ էլ վերջին մի քանի օրերին լուրջ զարգացումներ են տեղի ունեցել և այդ պրոցեսը, կարծես, դեռ ընթացքի մեջ է։

Ստեղծված իրավիճակի երկրորդ կարևոր պատճառը թուրք-ադրբեջանական դաշինքին Հայաստանի տարածքով ճանապարհային միջանցք տրամադրելու՝ ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունն է։ Սրելով իրավիճակը սահմանում՝ պաշտոնական Բաքուն և Անկարան ապագա միջանցքի հետ կապված հարցերում ցանկանում են իրենց պայմանները թելադրել։ Այս իրողությանն է միախառնվում նաև ստեղծված իրավիճակի երրորդ հիմնական պատճառը՝ գերտերությունների աշխարհաքաղաքական շահն ու Հարավային Կովկասում սեփական ազդեցությունը մեծացնելուն ուղղված նրանց մրցակցությունը։

Չորրորդ՝ թերևս ամենակարևոր պատճառը, Հայաստանի հանդեպ լիակատար վերահսկողություն սահմանելու Ադրբեջանի ցանկությունն է։ Մնացած բոլոր հարցերը ստորադասված են մեր թշնամի երկրի այս գլխավոր ռազմաքաղաքական նպատակին։ Բաքվում հասկանում են, որ ՀՀ սահմանների կարևոր հատվածներում ամեն քառակուսի մետրի գրավումը հետագայում ևս մեկ տարով ետ է գցելու Հայաստանի վերականգնվելու և ռևանշի հասնելու հնարավորությունը։ Ադրբեջանում վախենում են սցենարի նման զարգացման հնարավորությունից և, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն խոչընդոտում իրենց ստրատեգիական ծրագրերին, փորձում են ոչ միայն հետաձգել հայկական ռևանշի ժամկետները, այլև ընդհանրապես անհնար դարձնել դա։

Հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված վիճակի կարևոր պատճառներից մեկն էլ, ցավոք, հայկական պետություններում տիրող իրավիճակն է։ Երկրի պետական և անվտանգային շահերն ամեն օր դավաճանող իշխանություններն ու ներհասարակական պառակտվածությունը պարարտ հող են ստեղծել թշնամու ակտիվացման և մեր դիմադրողականությունը կոտրելու համար։ Եվ բնական է, որ ադրբեջանական կողմը փորձելու է ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտներ քաղել, ինչն էլ փաստորեն անում է Ալիևի վարչակազմը։

Իհարկե, թվարկված պատճառներին կարելի էր ավելացնել ևս մի քանիսը, բայց, կարծում ենք, այսքանն էլ բավական է, որպեսզի մեր հանրությունը հասկանա, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանում և ամենակարևորը՝ ինչու է դա այդպես։

Times.am – Վերլուծական բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում