Իշխանական փոքրոգության ատրակցիոն

Իշխանական փոքրոգության ատրակցիոն

ՀՀ Ոստիկանությունը խոչընդոտում է ի աջակցություն Սյունիքի համայնքապետերի՝ Հյուսիսային պողոտայում անցկացվող ստորագրահավաքին։ Իրավապահները անընդունելի են համարել կազմակերպիչների ներկայացրած դիմումը, որը, ըստ «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության, նախորդ օրվա դիմումից տարբերվել է միայն ամսաթվով։ Ընդ որում հայտնի է, որ մեր երկրում ստորագրահավաք կազմակերպելու համար որևէ իրավական ակտ կամ նորմ չի նախատեսում որևէ պատկան մարմնից թույլտվություն վերցնել։ Ստացվում է, որ Ոստիկանության այսօրվա գործողությունները ոչ այլ ինչ են, քան ապօրինի ճնշում Խորհրդարանում ներկայացված երկրորդ ամենամեծ քաղաքական ուժի և նրա կողմնակիցների նկատմամբ։

Ինչու՞ է Ոստիկանությունը նման վարքագիծ դրսևորում։ Ցավոք, այս հարցի պատասխանը վաղուց արդեն շատ պարզ է. ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է իշխանությունների քաղաքական շահի սպասարկման գործիքի։ Ոստիկանությունը հարմարվել է այդ դերին և անտրտում կատարում է վարչապետի բոլոր հրահանգները։

Ավելի հետաքրքիր է երկրորդ հարցը՝ իսկ ինչու՞ են իշխանությունները խոչընդոտում ստորագրահավաքին։ Վախենու՞մ են հանրային դժգոհության ալիք բարձրանալուց։ Հազիվ թե։ Մտածու՞մ են, որ հավաքված հազարավոր ստորագրությունները կարող են հետագայում լուրջ ազդեցություն ունենալ իրենց իսկ քաղաքական որոշումների վրա։ Իհարկե՝ ոչ։ Առաջին անգամ չէ, որ նրանք թքած կունենան հանրության կարծիքի վրա։

Եվ ուրեմն ո՞րն է իշխանությունների նման վարքագծի դրդապատճառը։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է՝ նրանց փոքրոգությունը։ Ուրիշ պատճառ պարզապես չկա։ Գոյություն չունի։ Պարզապես փոքրոգի իշխանությունները որոշել են փոքրոգության հերթական ատրակցիոն կազմակերպել, ինչն էլ անում են միայն իրենց հատուկ ցուցամոլությամբ ու ճոխությամբ։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում