Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով

Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով

Արտաքին գործերի նախարարության կայքում առաջին հայացքից սովորական երկու հայտարարություն է տեղադրված՝ Հրաչյա Փոլադյանը եւ Ռուբեն Խարազանյանը տարբեր երկրներում նշանակվել են ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ այս անձնանց նախագահ Արմեն Սարգսյանը դեսպան է նշանակել 3 տարի ժամկետով, ինչն առաջներում չի եղել՝ ոչ մի դեսպանի հրամանագրում ժամկետ չի նշվել։ Դա առաջին անգամ կիրառվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանին նշանակելիս, ինչը դեսպանների շրջանում տարակուսանքի տեղի էր տվել։

Բանն այն է, որ Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածն ասում է. «Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով»։ Սակայն օրենքն ընդամենը ամրագրում է ռոտացիայի սկզբունքը եւ ոչինչ չի պարտադրում։ ՀՀ նախագահի հրամանագրերում ժամկետ նշելը ոչ մի օրենքով սահմանված չէ եւ դրա կարիքը չկա, քանի որ պետությունը անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է հետ կանչել իր դեսպանին։ Օրինակ, էկոնոմիկայի նախկին նախարար Գարեգին Մելքոնյանին, բավականին շնորհալի մի մարդու, 2018 թվականի մարտին նշանակել էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան, սակայն 8 ամիս անց՝ հոկտեմբերին հետ կանչեցին, որպեսզի Դավիթ Բալայանին ուղարկեն դեսպան։ Նման բազմաթիվ օրինակներ կան։ Ինչպես բազմաթիվ օրինակներ կան երկարակեցության։ Օրինակ, Վիգեն Չիթեչյանը 1995 թվականից Ֆրանսիայում ՀՀ դեսպանն էր, ապա այլ երկրներում աշխատեց եւ 2009 թվականին կրկին վերադարձավ Ֆրանսիա՝ մինչեւ 2018-ի սկիզբ։

Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով երեք տարի ժամկետով դեսպան նշանակելուն, ասաց, որ դիվանագիտական ծառայության մասին օրենքը նման ընթացակարգ չի սահմանում. «Բայց պետք է նկատի ունենալ, որ սահմանափակում նույնպես չկա, այսինքն՝ այստեղ հայեցողական է, եւ օրենսդրորեն որեւէ արգելք չկա, որ ժամկետ սահմանեն, սրանով մենք մոտենում են առավել տարածված եվրոպական ավանդույթին, երբ ժամկետներ են սահմանվում, եւ դա ճիշտ է։ Աշխատանքի կազմակերպման, արդյունավետության, կարիերայի կանխատեսելիության առումով ժամկետ սահմանելը ճիշտ է։ Չնայած նախկինում էլ ենթադրվում էր, որ 5 տարին առավելագույնն է, բայց, ինչպես գիտեք՝ մենք ունեինք դեսպաններ, որոնք 6, 7, 10 տարի մնում էին իրենց տեղերում։ Դա էլ մյուս ծայրահեղություններ է ու անընդունելի։ Սրանով կարգավորման մի ընթացք են բռնում»։

Հարցին, որ երկիրը ցանկացած պահի կարող է հետ կանչել դեսպանին, իմաստը ո՞րն է ժամկետ սահմանելու, Արա Սահակյանը պատասխանեց՝ իմաստն այն է, որ կկատարվի աշխատանքի պլանավորում, կազմակերպում․ «Չպետք է մոռանալ, որ դիվանագետներն իրենց ծառայության վայր են մեկնում ընտանիքի անդամների՝ կնոջ, զավակների, երբեմն նաեւ այլ ազգականների հետ, եւ, երբ հայտնի է ժամկետը նրանց ծառայության, այնտեղ ավելի հեշտությամբ են լուծվում կնոջն աշխատանքի տեղավորելու, երեխաների կրթության հարցերը։ Սրանք շատ կարեւոր են, էլի եմ ասում՝ որքան հստակ է լինում ծառայության ժամկետը, դա ճիշտ է, եւ դա պետք է դարձնել կանոն»։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում