Ելփին գյուղում կրակել են արջի վրա․ կենդանաբույժները պայքարում են կենդանու կյանքի համար (տեսանյութ)

Ելփին գյուղում կրակել են արջի վրա․ կենդանաբույժները պայքարում են կենդանու կյանքի համար (տեսանյութ)

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի խնդրանքով դեպքի վայր է մեկնել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը՝ օգնություն ցուցաբերելու վնասված գորշ արջին։ Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են շուրջ 3 տարեկան գորշ արջի էգ առանձնյակի, որին հրազենով վնասվածք են հասցրել, տեղեկացնու է News.am-ը։

Տեղում աշխատող մասնագետների ջանքերով կենդանին քնեցվել է, տեղափոխվել Արարատի մարզում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ հայտնաբերվել է, որ կենդանին հրազենային վնասված է ստացել ծնոտի հատվածում։ Հայտնաբերված գորշ արջի վիճակը ծանր է եւ նրա կյանքի համար արդեն երկու օր է պայքարում են FPWC մասնագետները, միջազգային գործընկեր կենդանաբույժներ, ինչպես նաեւ՝ Երեւանի կենդանաբանական այգու կենդանաբույժը։ 3-ամյա արջը երկար ժամանակ մնացել է ընկած վնասված վիճակում եւ առանց օգնության, ինչի պատճառով նրա վիճակն ավելի է ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել է շատ ուժեղ սթրեսի եւ սկսել է կրծել սեփական թաթը։

Այսօր՝ օգոստոսի 10-ին, կենդանին շարունակում է մնալ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, վիճակը գնահատվում է ծանր, սակայն մասնագետները շարունակում են պայքարել արջի կյանքի համար։ Նախնական ախտորոշմամբ կենդանու մոտ առկա են նաեւ ուղեղի ցնցման նշաններ, ինչը կարող է կապված լինել կրակոցի հետեւանքով մոտակա ձորը գլորվելու հավանականության հետ։

FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմում է իրավապահ մարմիններին՝ պարզելու համար դեպքի մանրամասները եւ հայտնաբելերու մեղավորներին։ Գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ է, որն ունի հատուկ պաշտպանության կարիք։ FPWC հորդորում է բոլորին զերծ մնալ ցանկացած կենդանատեսակի վնասելու փորձերից՝ գործելով միայն ՀՀ իրավական նորմերի սահմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում