«Հրապարակ». Փնտրվում են ֆրոնտի զինվորներ

«Հրապարակ». Փնտրվում են ֆրոնտի զինվորներ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ մշտական հանձնաժողովները սեպտեմբերի 6-ից պետք է սկսեն աշխատել, սակայն դեռեւս վերջնականապես չեն ձեւավորվել։ Բանն այն է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը ե՛ւ մասնագիտական որակներով է աչքի ընկնում, ե՛ւ կամային, ուստի իշխանության համար դժվար կլինի որեւէ խնդրահարույց նախագիծ անաղմուկ «սղղացնելը», ինչպես արվում էր նախկինում։ Դրանից բացի, հարկավոր է ֆրոնտ ուղարկել համարժեք զինվորների, որոնք ընդդիմադիրների հետ կկարողանան կռվել։

Օրինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդդիմությունը ներկայացրել է Արամ Վարդեւանյանի եւ Աննա Մկրտչյանի թեկնածությունը, իշխանական խմբակցությունում կատակում են, որ ավարտվել են վահագնհովակիմյանական ժամանակները, եթե նախկին գործընկերներին մեծն սահմանադրագետը կարողանում էր ֆռռացնել եւ իշխանական նախագծերն անցկացնել, ապա հիմա վստահ չեն դրանում։

Հանձնաժողովների փոխնախագահների հարցում էլ դեռ հստակություն չկա՝ մտադիր են տնտեսականի փոխնախագահ առաջադրել Բաբկեն Թունյանին, մարդու իրավունքների հանձնաժողովում՝ Ռուստամ Բաքոյանին, ում ՔՊ-ն նախապես ընտրել էր նախագահի պաշտոնում, սակայն այն բաժին հասավ ՊՈՒ-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում