Հայկական պետությունների անվտանգության համակարգի վերականգնման հեռանկարները

Հայկական պետությունների անվտանգության համակարգի վերականգնման հեռանկարները

Ս.թ. օգոստոսի 9-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որտեղ նա հանդիպել է երկրի բարձրագույն ղեկավարության հետ, եղել Ադրբեջանի հետ սահմանում, որոշակի քաղաքական հայտարարություններով հանդես եկել։ Հայ հանրությունն այդ այցը առավելապես ընկալել է որպես ՀԱՊԿ քարտուղարին և ընդհանրապես այդ ողջ կառույցին «լավ դասեր տալու» հնարավորություն։ Սկզբում բոլորը ոգևորված պատմում էին, թե որքան կոշը ու պահանջկոտ էին Զասին ուղղված ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի խոսքերը, իսկ հետո էլ նույն եռանդով տարածվում էր ՀԱՊԿ քարտուղարի այն «խոստովանությունը», որ Ադրբեջանն իսկապես սպառնալիք է Հայաստանի համար։

Այսքանով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան այցի հանրային օրակարգը, ցավոք, սպառվեց։ Հայ քաղաքական ու փորձագիտական շրջանակները նույնիսկ ուշադրություն չդարձրեցին այն փաստին, որ Փաշինյան-Զաս հանդիպումից երկու օր անց Հայաստանի վարչապետը հանդես եկավ մի հայտարարությամբ, որում նա բացահայտեց մեր երկրի անվտանգության ապահովման տեսակետից կարևոր միջազգային այդ կառույցի հետ հարաբերություններում առկա լուրջ խնդիրները։ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ եթե ՀԱՊԿ-ը հետաքրքրված չէ հայ-ադրբեջանական սահմանում մոնիթորինգ իրականացնելու առաքելություն ստանձնելու մեջ, ապա այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետեր տեղադրելու մասին առաջարկը Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հանրայնացրել է դեռև մայիսի 27-ին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն էլ, իր հերթին, կարող է մոնիթորինգային առաքելություն ստանձնել։ Թե որքան ժամանակ է պաշտոնական Երևանը քննարկում ռուսական կողմի հետ երկու այդ հնարավորությունները, պարզ չէ։ Բայց, ամենայն հավանականությամբ, այս հարցերում Փաշինյանը լուրջ հաջողություններ չի ունեցել։ Համենայն դեպս, ինչպես արդեն նշեցի, Ստանիսլավ Զասի այցից հետո Հայաստանի վարչապետը սկսեց ավելի շատ խոսել ՀԱՊԿ-ի փոխարեն այդ առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին գործուղելու մասին, իսկ ՌԴ ԱԳՆ-ն էլ նշել է, որ սահմանապահ զորքեր տեղակայելու համար անհրաժեշտ են միջազգային համապատասխամ իրավական փաստաթղթեր և որ այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ են տարվում։

Ինչևէ, հասկանալի է, որ այս ամենը բավական բարդ գործընթացներ են, որոնք կարող են նաև երկար ժամանակ պահանջել, բայց մինչ բոլոր այդ խնդիրներին անցնելը հայկական կողմը պետք է ունենա մեզ համար կենսական նշանակություն ունեցող ամենակարևոր հարցի պատասխանը՝ ո՞րն է մեր անվտանգության ապահովման մարտավարությունը։ Ի՞նչ խնդիրներ ենք մենք փորձում լուծել այս ոլորտում և ինչպե՞ս։ Որովհետև մինչ այս պահը հիմնական տպավորությունն այն է, որ Հայաստանը պարզապես փորձում է գործուղել իր անվտանգային խնդիրները Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, Ֆրանսիային և այլն։ Մի խոսքով՝ ցանկացած մեկին, ով կստանձնի նման պատասխանատվություն, միայն թե ինքներս չզբաղվենք դրանով։ Ավելին, դատելով որոշ հայ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերից, կարելի է անգամ գալ այն եզրակացության, որ պաշտոնական Երևանը պատրաստ է այդ հարցը վստահել նույնիսկ Ադրբեջանին ու Թուրքիային։ Համենայն դեպս, նոր պատերազմից խուսափելուն ուղղված ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը, օրինակ Զինված ուժերին ՀՀ տարածք ներխուժած թշնամու վրա կրակելու արգելքը, այլ ենթադրությունների առիթ չեն տալիս։ Բայց սա քննարկման այլ թեմա է։

Այժմ ցանկանում եմ վերադառնալ գլխավոր հարցին՝ ո՞րն է մեր անվտանգության նոր համակարգի ստեղծման մարտավարությունը։ Հստակ է, որ այս հարցը կարող է ունենալ ինչպես պարզ պատասխան՝ զորօրինակ, մարտունակ բանակի առկայություն, այնպես էլ իրապես խորը մտածված և լուրջ մշակված մոտեցում։ Ցավալին սակայն այն է, որ երկու պարագայում էլ ՀՀ իշխանությունների քայլերն ու մարտավարությունը հստակ չեն։ Ավելի ճիշտ՝ դրանք պարզապես բացակայում են. ուժեղ և մարտունակ բանակ ունենալու հարցում նրանք շարունակում են մնալ պոպուլիստական հայտարարությունների տրամաբանության մեջ, իսկ երկրորդ դեպքում՝ ընդհանրապես ոչինչ չեն խոսում։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ պատերազմի ավարտից գրեթե մեկ տարի անց ՀՀ և Արցախի սահմաններում տեղակայված մեր նոր մարտական դիրքերը, մեղմ ասած, հեռու են հուսալի լինելուց։

Այս փաստը, իհարկե, բավական հուսահատեցնող է։ Բայց եկեք դեռևս փորձենք խուսափել սուր քննադատություններից և փորձենք հասկանալ, թե առաջնային ինչ քայլեր են անհրաժեշտ հայկական պետություններին՝ սեփական անվտանգության համակարգը վերականգնելու, իսկ ապա նաև դրա որակական հատկությունները շարունակաբար կատարելագործելու համար։ Սկսենք թերևս առկա ռեսուրսներից։

Պատերազմում ցավալի պարտություն կրելուց հետո հայկական երկու պետությունների զինված ուժերը գործում են եղածը պահպանելու, փրկելու տրամաբանությամբ։ Դատելով բանակից ու սահմաններից ստացվող լրատվությունից՝ Հայկական Բանակը մինչ օրս կառավարվում է ճգնաժամային պայմաններին հատուկ ձևերով։ Ընդհանուր կարգուկանոնի բացակայությունն ակներև է։ Եվ սա դեռևս ամենամեծ խնդիրը չէ։ Առավել վատն այն է, որ Բանակում անհասկանալի սպասումների տրամադրություն է տիրում։ Այդ սպասումներն առավելապես վերաբերվում են սահմանների անվտանգության ապահովման գործում ռուսական ներգրավվածության մեծացմանը և բխում են ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունների բառամթերքից ու գործողություններից։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է, որովհետև այդ սպասումն էլ, իր հերթին, զինված ուժերին մղում է անգործության։ Տրամաբանությունը պարզ է՝ ինչու՞ խրամատ փորել, եթե միևնույն է ռուսն է գալու և վերահսկելու իրավիճակը սահմանում։ Կամ էլ թե՝ որտե՞ղ փորել, եթե դեռ հայտնի չէ, թե ապագայում սահմանն ինչ տեսք է ունենալու։

Ահա այս սպասողականությունից ու դատարկ հույսերից պետք է հրաժարվել։ Հայ զինվորից բացի ոչ ոք չի կարող Հայաստանի ու Արցախի անվտանգության իրական երաշխավոր լինել։ Այս պահին փորված խրամատից առավել անվտանգ վայր չկա հայ զինվորի համար։ ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունը պետք է լավ հասկանա այս պարզ ճշմարտությունները և հետևողական լինի, որպեսզի Բանակը հենվի բացառապես սեփական ուժերի և կարողությունների վրա։ Եթե վաղը այդ խրամատներն առաջ տանելու հնարավորություն բացվի, կամ սահմաններն անվտանգ դարձնելու միջազգային նոր երաշխիքներ առաջանան, ավելի լավ։ Բայց մինչ այդ, որքան էլ դա դժվար լինի, մեր զինված ուժերը պետք է կատարեն իրենց բաժին աշխատանքը։ Եվ շատ կարևոր է, որպեսզի զինվորականներն ունենան հստակ նպատակներ ու թիրախներ։ Նրանք պետք է հասկանան ինչն ինչի համար են անում և ինչ արդյունք կունենան ապագայում։ Սա է Բանակի մարտական ոգին ու արդյունավետությունը վերականգնելու միակ ճանապարհը, որի ուղղությամբ մենք դեռևս ոչ մի քայլ չենք արել։

Իհարկե, այս ամենին պետք է գումարել նաև ժամանակակից սպառազինության ձեռքբերումը, զորքերի վերակզմակերպումը, որակյալ կադրերով համալրումը, մատակարարման խնդիրների լուծումը, ինժեներական աշխատանքները և այլն, և այլն, բայց սրանք բոլորը խիստ մասնագիտական թեմաներ են, որոնցով պետք է զբաղվեն ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամկազմն ու ռազմական փորձագետները։

Սա ինչ վերաբերում է բանակաշինությանը։ Բայց հայտնի փաստ է, որ անվտանգության համակարգը դա միայն ուժեղ բանակ չէ։ Այդ համակարգի գործունեությունն ապահովող ու արդյունավետ դարձնող բազում այլ գործոններ կան, որոնցից կարևորագույնը, թերևս, միջազգային համագործակցությունն է։ Եվ ահա այստեղ է, որ ՀՀ իշխանությունների գործունեությունը խիստ թերի է։ Ասվածը փաստերով ամրապնդելու համար առաջարկում եմ կրկին որպես օրինակ դիտարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ մեր երկրի հարաբերություններն ու մոտեցումները։ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է այդ կազմակերպության նախագահությունը։ Թվում է՝ պաշտոնական Երևանի համար սա պետք է լավ առիթ դառնար, որպեսզի վերանայվեին և հաղթահարվեին բոլոր այն կնճռոտ հարցերը, որոնք կուտակվել են ՀԱՊԿ հետ Փաշինյանի կառավարության փոխգործակցության ընթացքում։ Խնդիրներն իրոք շատ են, և դրանք թվարկելու անհրաժեշտություն չկա։ Բայց հիմա Հայաստանը ստանձնելու է այդ կառույցի նախագահությունը։ Եվ ուրեմն ինչու՞ էր անհրաժեշտ այդ կարևոր հանգամանքի կյանքի կոչվելուց ընդամենը մեկ ամիս առաջ ամբողջ աշխարհով մեկ կրկին վարկաբեկել ՀԱՊԿ-ը։ Դա հասկանալի կլիներ, եթե հստակ տեսանելի լիներ, որ Հայաստանի նպատակը ՀԱՊԿ կազմաքանդումն է։ Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների դիրքորոշումը մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերում՝ այդպիսի տեսական նպատակադրումը կարող էր որոշների կողմից անգամ ընկալելի լինել։ Բայց պարզ է, որ Հայաստանը նման խնդիր չունի իր առջև դրված։ Ավելին՝ պաշտոնական Երևանը ցանկանում է օգտագործել ՀԱՊԿ կարողությունները սեփական անվտանգային խնդիրները լուծելու համար։ Հետևաբար, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության նման մոտեցումները ՀԱՊԿ հանդեպ վկայում են առնվազն այն մասին, որ պաշտոնական Երևանը անվտանգային այդ կառույցի հետ կապված որևէ հստակ ծրագիր, անգամ մոտավոր պատկերացումներ չունի։ Եվ սա մեծ խնդիր է։

Մինչդեռ իրավիճակը, որում հայտնվել են հայկական պետությունները և ընդհանրապես մեր տարածաշրջանը, ստիպում է, որպեսզի անվտանգություն ապահովելու հարցում Հայաստանի հաշվարկները առավել քան ճշգրիտ լինեն։ Դրանք չեն կարող սահմանափակվել միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի ռազմական պոտենցիալի հետ մեր կարողությունների համադրմամբ ու այդ կոնտեքստում քիչ թե շատ ընդունելի լուծումների որոնումով։ Այդ հաշվարկն իրականում իր մեջ պետք է ներառի Միջին Ասիայից մինչև Մերձավոր Արևելք, Պարսից Ծոցից մինչ Սև ծովի ավազան և Եվրոպայից Չինաստան ընկած տարածքներում տեղի ունեցող բոլոր զարգացումները։ Ասել է թե հայկական անվտանգային համակարգն այլևս չի կարող լոկալ բնույթ կրել։ Այն պետք է դառնա աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներին մեր ճիշտ հաշվարկված մասնակցության պրոդուկտ։ Եվ միայն այդ դեպքում կարելի կլինի հուսալ, որ Ռուսաստանի կամ ցանկացած այլ գերտերության ռազմական պոտենցիալ կծառայի նաև հայկական երկու պետությունների անվտանգության համակարգին։ Հակառակ պարագայում Հայաստանն ու Արցախը դատապարտված են ձախողման, իսկ լավագույն դեպքում՝ ընդամենը մեծ տերությունների ձեռքում մանրադրամ լինելուն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ԴՐՕՇԱԿ, Սեպտեմբեր 2021թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում