«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում. ում շահն է սպասարկում այս կառավարությունը

«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում. ում շահն է սպասարկում այս կառավարությունը

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով դեռևս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացված գանգատը՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է: ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6-րդ հոդվածը. ներպետական դատարանները եղել են անհասանելի: Ասել է թե՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը հաղթել է ՀՀ կառավարությանը:

Եվ այս իրավիճակում հետաքրքիր է այն, որ, փաստորեն, երեք տարի կառավարության ղեկավար է Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, որը «Հայկական Ժամանակ» օրաթերթի սեփականատերն է: Եվ հարց է առաջանում՝ արդյոք երեք տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը «Հայկական Ժամանակ»-ի շահերն է սպասարկել, թե Եվրադատարան ներկայացրել է կառավարության առարկությունները կամ, որ նույն է, ՀՀ դիրքորոշումն ու շահերը:

Չէ՞ որ ի վերջո հենց կառավարության դեմ էր հայց ուղղված, և տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության շահերը սպասարկի, այլ ոչ թե օրաթերթի: Արդյոք կառավարությունը ՀԺ-ի հայցի առիթով հակափաստարկներ ներկայացրել է Եվրադատարանին, որպեսզի դատարանում հայցը մերժվեր: Հարց է, որի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթին դեռ չի հաջողվել պարզաբանել:
Հավելենք, որ դիմումատուն՝ «Հայկական ժամանակ» -ի սեփականատեր Նիկոլ Փաշինյանը, եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում, որ պատճառվել է Քոչարյանի օրոք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում