ՀՀ-ն բարձր է գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը Հնդկաստանի աջակցությունը. Միրզոյան

ՀՀ-ն բարձր է գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը Հնդկաստանի աջակցությունը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, շարունակական աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

«Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը»,-ասաց Միրզոյանը:

Այս համատեքստում ԱԳ նախարարը մեկ անգամ ևս հիշեցրեց Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար, և ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ հայտնի սկզբունքների հիման վրա:

Միրզոյանը շեշտեց նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի ԱԳՆ-ի այս տարվա մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Իր հերթին Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը` Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին աջակցելու առումով:

«Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը Հայաստանում է: Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած առաջին այցն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում