Իրանը թույլ չի տա երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն պատերազմ հրահրող ուժեր․ ԻԻՀ գլխավոր դատախազ

Իրանը թույլ չի տա երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն պատերազմ հրահրող ուժեր․ ԻԻՀ գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, Times․am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:

Ողջունելով պարոն Մոնթազերիին Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԻԻՀ հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: Իհարկե, Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտում նույնպես զարգացնել ու խորացնել համագործակցությունը և Ձեր այցը լավ հնարավորություն է նաև այս ուղղությամբ: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշել է, որ իր այցը բարեկամ և հարևան Հայաստան տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան: «Իհարկե, կորոնավիրուսի պատճառով այս այցը մի փոքր հետաձգվեց՝ ավելի ուշ կայացավ: Նախքան իմ այցը Հայաստան՝ 2-3 օր առաջ, ես հանդիպել եմ ԻՀՀ նախագահ պարոն Ռայիսիի հետ: Նա խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցեմ Ձեզ, գովեստի խոսքեր հնչեցրեց Ձեր մասին ու ընդգծեց՝ այն հանդիպումը, որ ունեցել եք, շատ լավ և արդյունավետ է եղել»:

ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր:

Վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ մեծ տպավորություններ ունի նախագահ Ռայիսիի հետ հանդիպումներից և նշել, որ վերջինիս այն ընդգծումը, ըստ որի՝ Հայաստանի ու Իրանի նոր կառավարությունները միաժամանակ են սկսել գործունեությունը՝ ընկալվում է որպես երկու պետությունների հարաբերություններում նոր էջ բացելու ուղերձ: ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում