Հալեպահայ համայնքը շարունակում է ապրել կրթամշակութային կյանքով

Ի հեճուկս սիրիական պատերազմի ծանր ճնշումներին’ անվտանգության, կենցաղային, տնտեսական դժվարություներին, հալեպահայ համայնքը շարունակում է կազմակերպել իր կրթամշակութային կյանքը’ ժպիտ պարգևելով հայ դեռահասներին: Այս մասին հաղորդեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը: «Հալեպում շարունակում են գործել Հայ մարմնական ընդհանուր միության և Հայ երիտասարդների ընկերակցության սկաուտական խմբերը, որոնք պատանիների համար կազմակերպում են հատուկ մարզախաղեր և դասընթացներ:

Շարունակում են գործել Հալեպի հայագիտական հիմնարկը, Հայ բարեգործական ընդհանուր միության «Սարյան» կերպարվեստի ուսումնարանը, հայ ավետարանական համայնքի «Արմիս» երգի դպրոցը»,-ասաց նա: Զարմիկ Պողիկյանի տեղեկացմամբ’ Բերիայի Հայոց թեմի առաջնորդի կողմից կազմվել ու գործի է դրվել երկու ամիս տևողությամբ հոգևոր դաստիարակության ամփոփ ծրագիրը’ հայ մանուկներին հոգևոր, կրոնական և բարոյական գիտելիքներ փոխանցելու նպատակով: Հայ կաթողիկե համայնքի երիտասարդների միությունը կազմակերպել է «Հայրիկ» խորագրով գեղարվեստական երեկո, որին մասնակցել են հայ պատանիները: Սիրիահայ օգնության խաչն էլ իր բարեսիրական աշխատանքների կողքին կազմել է մանկապատանեկան ձեռնարկներ ու պատանիների համար հատուկ լեզվի դասընթացներ է կազմակերպել: «Ուսումնական այս տարեվերջին Հալեպի երկրորդական վարժարանները փայլուն արդյունքներով ավարտեցին շուրջ 200 շրջանավարտներ, ովքեր մի քանի օրից պատրաստվում են մուտք գործել Հալեպի պետական համալսարաններ: Հալեպի հայկական վարժարաններն ու ճեմարանները 2013-2014 թթ. ուսումնաշրջանը կսկսեն սեպտեմբերի 13-ից: Այսպիսի միջոցառումներով հալեպահայերը աշխատում են հնարավորինս գունավորել իրենց գորշ պատերազմական առօրյան»,-եզրափակեց Զարմիկ Պողիկյանը:

ՄԱԿ-ի տվյալներով’ ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013 թ. ապրիլ մահացել է ավելի քան 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականների թիվը ՄԱԿ-ի վերջին տվյալներով գերազանցում է 2 միլիոնը: Կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է խաղաղ բնակչությունը, այդ թվում’ հայերը: Վերջին շրջանում հայ զինծառայողներ են մահացել մարտերի ընթացքո ւմ, բազմաթիվ հայեպահայեր վիրավորվել են, որոշները երկրից դուրս գալու ճանապարհին առևանգվել, ապա բաց թողնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում