Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործը դատարանում է. դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը

Խաչատուր Սուքիասյանի եղբոր գործը դատարանում է. դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, Times․am: Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ զինված խուլիգանության մեջ մեղադրվող Ռոբերտ Սուքիասյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործի հետ ուղարկվել դատարան։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Սուքիասյանին 50 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատելու դատարանի որոշմանը, ապա դատախազությունից հայտնեցին, որ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստվում է՝ առաջիկայում ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Սուքիասյանի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։

«Փաստինֆո»-ն հայտնել է, որ այն եղել է պարգեւատրված զենք՝ Արցախի նախագահ կողմից։ Թե այդ ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգեւատրել Խաչատուր Սուքիասյանի եղբորը պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երեւանի կենտրոնում՝ ռազբորկայի ժամանակ։

Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայց փաստացի նա կալանքի տակ չի գտնվում արդեն շուրջ երկու ամիս։ Քրեական գործող մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։ Նկատենք, որ սույն քրեական գործով տուժող կողմը ԱՄՆ քաղաքացիներ են եւ գործի նկատմամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թերեւս դա էլ հաշվի առնելով իշխանությունները որոշել էին Սուքիասյանի եղբորը ձեւականորեն կալանավորելու որոշում կայացնել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրը արգելանքի տակ չէր գտնվում, վերջինս իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։

Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել և փոխել Գռզոյի եղբոր մեղադրանքի նկարագրությունը՝ նշելով, թե իբրև վերջինս դեպքի վայրում հայտնվել է պատահաբար, սակայն զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածը չի վերաորակել։ Նախաքննության ավարտից առաջ վարույթն իրականացնող մարմինը դադարեցրել է մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում