Ամերիկյան ռմբակոծիչները մարզում են Ռուսաստանին միջուկային հարված հասցնելու գործողությունը․ Շոյգու

Ամերիկյան ռմբակոծիչները մարզում են Ռուսաստանին միջուկային հարված հասցնելու գործողությունը․ Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, Times․am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ օդուժին պատկանող Global Thunder 10 ռազմավարական ռմբակոծիչները, որոնք վարժանքներ են անցկացնում Ռուսաստանի սահմանի մոտակայքում, մարզել են Ռուսաստանին միջուկային հարված հասցնելու գործողությունը միաժամանակ արևմտյան և արևելյան ուղղություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենգհեի հետ բանակցությունների ընթացքում: Տեղեկությունը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շոյգուի խոսքով՝ ռուսաստանյան զինվորականներն արձանագրել են, որ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ նկատելիորեն ակտիվացել են:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 30 թռիչք է իրականացվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ ավելի շատ է, քան նախորդ նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նվազագույն հեռավորությունը մեր պետական սահմանից կազմել է 20 կմ», – ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին խոսել էր Սև ծովում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների զինված ուժերի չպլանավորված զորավարժությունների մասին՝ ասելով, որ թեև դա լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար, բայց, այդուհանդերձ, դրանց ի պատասխան Սև ծովում ռուսական զորքերի զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ՝ իրավիճակը ավելի չսրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում