Ուկրաինան վերածվել է այլ կարևոր գործընթացներ կոծկող գործիքի. քաղաքագետ

Ուկրաինան վերածվել է այլ կարևոր գործընթացներ կոծկող գործիքի. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, Times․am: Yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 – Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը գնալով մեծանում է. ըստ վերլուծաբանների՝ երկու կողմերի բախումը կվերածվի համաշխարային պատերազմի։ Անցած շաբաթ Մակրոնը գնաց Մոսկվա։ Արևմտյան մամուլը գրում է` Մակրոնն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ չհամաձայնեցված առաջարկներով է Մոսկվա գնացել, իսկ Պուտինը Մակրոնի առաջարկները ողջունել է։ Ամբողջ աշխարհին հուզում է մեկ հարց՝ կլինի՞ ռազմական բախում, թե՞ ոչ:

-Եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմական բախմանը, ապա ես այդ սցենարը, իհարկե, բացառում եմ։ Առավել ևս բացառում եմ համաշխարհային նոր պատերազմի հավանականությունը։ Իհարկե, կողմերի միջև լարվածություն կա, բայց, դրան զուգահեռ, կա նաև ինտենսիվ երկխոսություն։ Դուք հիշատակեցիք Մակրոնի այցը Մոսկվա։ Շուտով Ռուսաստան կմեկնի նաև Գերմանիայի կանցլերը։ Բացի դրանից՝ Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարները մշտական կապի մեջ են։ Այսինքն՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան դա ներկայացվում է հանրությանը։ Երկխոսության հնարավորություններ դեռ կան, և կողմերն առատորեն օգտվում են այդ հնարավորություններից։

-Վաշինգտոնն արդյո՞ք չի փորձում մի կողմից Ռուսաստան-Եվրոպա կապը կտրել, մյուս կողմից՝ հակաչինական ալյանսը մեծացնել, քանի որ, ըստ էության, դա է պատճառը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում քարոզչական մեքենայի գործադրման`իբր ուր որ է Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա։ Արևմտյան մամուլը ռուսական ներխուժման նոր ժամկետներ է անընդհատ հայտնում։ Ըստ Ձեզ` ի՞նչ տեղի կունենա իրականում։

-Ուկրաինական ճգնաժամը, թերևս, գլոբալ քաղաքականության ամենասուր խնդիրն է այս պահին։ Մանավանդ վերջին երկու օրերին մենք տեսնում ենք, որ ուկրաինական կողմը ակտիվ արկակոծում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանները։ Մամուլը խոսում է մոտալուտ պատերազմի անխուսափելիության մասին։ Ակնհայտ է, որ արևմտյան երկրների ղեկավարներն էլ իրենց հայտարարություններով նպաստում են լարվածության աճին։ Բայց նույնիսկ այս իրավիճակում ես շարունակում եմ կարծել, որ լայնամաշտաբ պատերազմ, առավել ևս՝ Ուկրաինա ռուսական ներխուժում պետք չէ սպասել։ Գիտե՞ք, ինձ մոտ գնալով ամրապնդվող վստահություն կա առ այն, որ Ուկրաինան ինչ-որ իմաստով աշխարհաքաղաքական այլ կարևոր գործընթացներ կոծկող, միջազգային հանրության ուշադրությունը դրանցից շեղող գործիքի է վերածվել Արևմուտքի և, հնարավոր է նաև, Ռուսաստանի ձեռքում։ Յուրահատուկ ֆոն, որի թեժ լինելը թույլ է տալիս Մոսկվային, Վաշինգտոնին ու Բրյուսելին՝ խնդիրներ լուծել միանգամից մի քանի՝ աշխարհաքաղաքակության տեսակետից կարևոր տարածաշրջաններում։ Դուք ասացիք՝ հակաչինական ալյանս։ Տեսնո՞ւմ եք, թե աշխարհի քանի կետերում են զուգահեռ գործընթացներ զարգանում։ Չինաստանից սկսած՝ Միջին Ասիայով, Աֆղանստանով, Մերձավոր Արևելքով, Այսրկովկասով, Սև ծովի ավազանով, Ուկրաինայով և այդպես շարունակ մինչ նույնիսկ հյուսիսատլանտյան տարածաշրջան նոր աշխարհակարգ է հաստատվում։ Բնական է, որ ուժերի վերաբաշխման այս փուլում բոլորն են փորձելու առավելագույնը ստանալ։ Կձևավորվեն նոր գաղտնի և բացահայտ դաշինքներ, կկազմաքանդվեն նախկինները և այլն։ Ուկրաինան այս շղթայի մեկ օղակն է ընդամենը։ Այո, այն կարևոր օղակ է, բայց ոչ կարևոր օղակներ չկան։ Եվ եթե Ռուսաստանն ու Արևմուտքը կարողանում են լեզու գտնել այլ տարածաշրջաններում, նշանակում է՝ կկարողանան նաև Ուկրաինայում։ Ի վերջո, եկեք նորից փաստենք, որ կողմերը Ուկրաինայի համար չեն պայքարում։ Նրանց բանակցությունների սեղանին շատ ավելի մեծ օրակարգ է դրված։ Ուկրաինան զուտ միմյանց մեղադրելու կամ իրարից ինչ-որ բաներ պահանջելու պատրվակն է։

– Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը մեր տարածաշրջանում ինչպե՞ս կդրսևորվի։ Հնարավոր ռազմական բախման դեպքում Թուրքիան և Ադրբեջանը ինչպիսի՞ դիրք կզբաղեցնեն։

-Տարիներ շարունակ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը շրջանցել է մեր տարածաշրջանը։ Այսրկովկասում կողմերին երկու բան էր անհրաժեշտ՝ կայունություն և կանխատեսելիություն։ Երկու այս գործոնները, որոնք, ի դեպ, ապահովվում էին Հայոց բանակի ջանքերի շնորհիվ, Արևմուտքին թույլ էին տալիս օգտվել մեր տարածաշրջանի կոմունիկացիոն հնարավորություններից, իսկ Ռուսաստանին՝ հանգիստ լինել հարավում իր տարածքային ամբողջականության, ինչպես նաև դեպի Պարսից ծոց և Մերձավոր Արևելք ելքեր ունենալու հնարավորության համար։

Ցավոք, 2014-ից սկսած, Մոսկվան և Վաշինգտոնը, թեկուզ և շատ զուսպ, բայց, այնուամենայնիվ, սկսեցին մրցակցել նաև այս տարածաշրջանում, ինչը դարձավ իրավիճակի ապակայունացման հերթական պատճառներից մեկը։ Շարունակությունը հայտնի է՝ նոր պատերազմներ, այլ խաղացողների դերակատարման բարձրացում և այլն։ Այսօր մեր տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության, ես նույնիսկ կասեի՝ բախումների թատերաբեմ։ Իսկ դա նշանակում է, որ Ձեր նշած թուրք-ադրբեջանական ներխուժման վտանգ միշտ էլ կա։ Անգամ՝ եթե Ուկրաինայում այդպես էլ ոչինչ տեղի չունենա։

-Ըստ ռազմական փորձագետների` այս գարնանը Ադրբեջանը կրկին կգնա ռազմական էսկալացիայի՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ միջանցք անվան տակ Բաքվի բռնապետը փորձում է հասնել իր հեռահար նպատակներին, այն է` Սյունիքի ամբողջական հայաթափում և գրավում։ Սա կապ ունի՞ Ռուսաստան-Արևմուտք լարվածության հետ, և Ադրբեջանի հնարավոր ռազմական բախման դեպքում Ռուսաստանը և Իրանը կլռե՞ն։

-Ադրբեջանը հաղթել է 2020-ի պատերազմում և հիմա փորձում է հնարավորինս կապիտալիզացնել այդ հաղթանակը։ Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» համար նրանք, բնականաբար, պայքարելու են մինչև վերջ։ Բայց չեմ կարծում, որ գործը հասնի նոր պատերազմի։ Ինչի՞ համար պատերազմեն, եթե Հայաստանի իշխանություններն առանց պատերազմի էլ հլու-հնազանդ կատարում են նրանց կամքը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Իրանի դիրքորոշմանը, ապա երկու դեպքում էլ, կարծում եմ, այդ երկրներն իրենց պատասխաններն արդեն տվել են։ Ռուսաստանը համաձայն է այդ միջանցքի գոյությանը՝ պայմանով, որ դրա վերահսկողությունն իրականացվելու է իր կողմից, իսկ Իրանին մտահոգում է ՀՀ տարածքով դեպի Սև ծով տանող սեփական միջանցքներ ստեղծելու հեռանկարը։ Այդ հնարավորությունը պահելու համար անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Իրանը նույնիսկ Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու պատրաստակամություն ցուցադրեց։ Դրանից հետո բոլորն ամեն ինչ հասկացան, և հայ-ադրբեջանական զարգացումները վերադարձան քիչ թե շատ անվտանգ փուլ։

-Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, փաստորեն Շուշիի հռչակագրով կնքվել է թուրք–ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք, այն է` «մեկ ազգ, երկու պետություն»։ Ըստ Ձեզ` «Շուշիի հռչակագիրը» վավերացնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ինչպիսի՞ ազդակներ են հաղորդում, և այդ ազդակներին Հայաստանից համարժեք արձագանք պե՞տք է լինի։

-Այսպես կոչված՝ «Շուշիի հռչակագիրն» առաջին հերթին Ռուսաստանին, որոշ չափով նաև Իրանին ուղղված սպառնալիք է։ Այդ փաստաթղթում Բաքուն և Անկարան հռչակում են իրենց արտաքին և պաշտպանական քաղաքականության միասնականությունը։ Սա թույլ է տալիս Թուրքիային՝ լինել Այսրկովկասում իրավիճակ թելադրող կամ առնվազն նման հավակնություններ ունեցող երկիր։ Ցավոք, այսօր մեր երկիրը թշնամական երկու այդ պետությունների ախորժակը սահմանափակելու ուժ չունի։ Բայց պաշտոնական Երևանի ջայլամային քաղաքականությունն էլ է հանցավոր անտարբերություն բոլոր այն սպառնալիքներին, որոնք արդեն իսկ իրականացվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

-Ի՞նչ ազդեցություն կունենա «Շուշիի հռչակագիրը»՝ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» ֆոնին։

-Հայաստանի հետ կապված հարցերը Թուրքիան և Ադրբեջանը արդեն լուծված են համարում իրենց համար։ Նրանք այնքան ժամանակ ճիշտ կլինեն, քանի դեռ Հայաստանում կշարունակի գործել դավաճանների ու կապիտուլյանտների իշխանությունը։ Իմ խորին համոզմունքն այն է, որ մինչ Նիկոլին հեռացնելը, Ձեր նշած հարցերի մասին մտածելու հնարավորություն էլ մենք չունենք։ Ցավոք, դա այդպես է. անիմաստ են բոլոր գաղափարներն ու ծրագրերը, եթե քո իշխանությունը չի սպասարկում դրանք և անընդհատ նոր զիջումներ է անում թշնամուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում