Ռուսաստանի յուրաքանչյուր անհաջողություն կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի և Արցախի համար

Ռուսաստանի յուրաքանչյուր անհաջողություն կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի և Արցախի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: «Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն իրավիճակի վրա ազդելու ոչ մի ռեսուրս չունի։ Մանավանդ հիմա՝ 44-օրյա պատերազմում մեր պարտությունից հետո։ Դրա համար այս փուլում հայկական կողմը պետք է փորձի գոնե մեկ հարցում իրեն ճիշտ պահել՝ լրացուցիչ խնդիրներ չստեղծել Ռուսաստանի համար Հարավային Կովկասում։ Իսկ հետագայում՝ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը վերականգնի իր ռազմական պոտենցիալը»,- Vesti.am-ի հետ զրույցում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյան։

– Պարոն Մելիք-Շահնազարյան, ըստ Ձեզ՝ ռուս-ուկրանիական հակամարտությունն ի՞նչ ընթացք և զարգացում կունենա։

– Չափազանց դժվար և անշնորհակալ գործ է կանխատեսումներ անելը։ Իհարկե, ռուսական կողմի գերակայությունն ակնհայտ է։ Բայց այդ փաստը հանրության շրջանում առաջացնում է այնպիսի սպասելիքներ, որոնք, հնարավոր է, Ռուսաստանի մարտավարական ծրագրերի մեջ չեն էլ մտնում։ Օրինակ, տեսնելով Ռուսաստանի բանակի պոտենցիալը, շատերը վստահ էին, որ մեկ-երկու օրում նրանք կարող էին գրավել Կիևը։ Ու երբ դա տեղի չունեցավ մարդիկ սկսեցին կարծել, որ Ռուսաստանը դանդաղում է, կամ չի կարող լուծել իր առջև դրված մարտական խնդիրները և այլն։ Մինչդեռ Կիև գրավելու խնդիր, ինչպես արդեն ասացի, կարող է և չկա դրված Ռուսաստանի առջև։

Մյուս կողմից, հանրային նույն այդ սպասելիքների չիրագործումը որոշակի ոգևորություն է առաջացնում ուկրաինական կողմում։ Ես շատ ուշադիր եմ հետևում պատերազմի ընթացքին և կարող եմ ասել, որ Ուկրաինայում հիմա «հաղթելու ենք» տրամադրությունն է գերիշխում։ Այնտեղ էլ, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ մոտ էր, մարդիկ չգիտեն, թե ինչ է կատարվում ռազմաճակատներում։ Ընդ որում, իրավիճակը լավ չեն պատկերացնում նաև Ուկրաինայի ռազմաքաղաքական իշխանությունները։ Իսկ դա նշանակում է, որ կազմակերպվածության լուրջ խնդիրներ կան Ուկրաինայում։ Սա ևս խոսուն փաստ է, որը վկայում է Ռուսաստանի՝ ավելի քան հաջող ռազմական գործողությունների մասին։ Դրա համար ես կարծում եմ, որ Ռուսաստանն այնուամենայնիվ լուծելու է իր առջև դրված հիմնական խնդիրները։

Մեծ հաշվով, Մոսկվան արդեն իսկ հաջողել է այդ գործում. Ուկրաինան կազմաքանդված է, կորցրել է մի շարք տարածքներ և ակնհայտ է, որ, գոնե տեսանելի ապագայում, չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Բայց սրանից բացի Ռուսաստանի համար կարևոր է լուծել ևս երկու շատ կարևոր խնդիր՝

ա) պատերազմն ավարտել այնպես, որպեսզի իր կարողությունների հանդեպ որևէ մեկի մոտ կասկածներ չմնան

բ) մոտ ապագայում հաղթահարել ուկրաինացիների և ռուսների միջև առաջացած թշնամությունը։

Ինչպե՞ս կլուծեն Ռուսաստանի իշխանություններն այս խնդիրները և ընդհանրապես՝ արդյոք կկարողանա՞ն լուծել դրանք, անկեղծ ասած՝ չգիտեմ։

– Ի՞նչպես եք գնահատում կողմերի (Ռուսաստանի և Ուկրանիայի) դիվանագիտությունը։

– Ակնհայտ է, որ միջազգային ընկալումներում այսօր գերակշռում է Ուկրաինայի դիրքորոշումը։ Բայց դա չի նշանակում, որ ուկրաինական դիվանագիտությունը ռուսականից լավ է աշխատել։ Ո՛չ։ Ռուսաստանի փաստարկներն ու մոտեցումներն էլ են շատ լավ մշակված ու հասկանալի։ Բայց աշխարհն այսօր չի ուզում լսել պաշտոնական Մոսկվային։ Ավելին՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Եվրոպական երկրներն ու նրանց դաշնակիցները իրենք են ամեն ինչ արել, որ Ռուսաստանի ձայնը լռեցվի, իսկ հնարավորությունները սահմանափակվեն։ Իսկ դա նշանակում է, որ դիվանագիտություն չկա։ Պարզապես չկա։ Երբ սկսում են կրակել թնդանոթները, դիվանագետները լռում են։

– Պատժամիջոցները կարո՞ղ են ստիպել ռուսական կողմին ռազմական գործողությունների դիմել այլ ուղղություններով։

– Ես կարծում եմ, որ մինչ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություններ սկսելը Ռուսաստանում լավ հաշվարկել են հնարավոր և անհնար բոլոր պատժամիջոցների հետևանքները։ Խնդիրը, թերևս այլ տեղ է՝ ուկրաինական զարգացումներով պայմանավորված՝ այլ տարածաշրջաններում կոնֆլիկտայնության հնարավոր աճը։ Տարբեր երկրներ, օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան, կարող են կարծել, որ Ռուսաստանը «խրվել է» Ուկրաինայում, չի կարող այլ ճակատներ սպասարկել և փորձեն իրենց դիրքերն է՛լ ավելի բարելավել մեր տարածաշրջանում։ Նույն զարգացումները կարող են լինել նաև Ռուսաստանի հարակից այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Միջին Ասիայում։ Ընդհանուր լարվածություն կա աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, և երբեք չես կարող գուշակել, թե որտեղ ինչը կպայթի։ Սա իսկապես վտանգավոր շրջան է, որը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում որոշակի հանգուցալուծում չլինի։

– Այս հակամարտությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա։ Ի՞նչ արտաքին քաղաքականություն պետք է վարի հայկական կողմը, որ հնարավորինս քիչ տուժի կամ գուցե շահի։

– Միայն այն փաստը, որ մեր անվտանգության հիմնական երաշխավոր, դաշնակից Ռուսաստանը ներքաշված է ըստ էության գլոբալ նշանակության զինված հակամարտության մեջ, արդեն իսկ բավական է լուրջ անհնագստանալու և մտահոգվելու համար։ Ռուսաստանի յուրաքանչյուր անհաջողություն կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի և հատկապես Արցախի համար։ Էլ չեմ խոսում տնտեսական խնդիրների մասին, որոնցից վստահաբար հնարավոր չի լինի խուսափել, եթե Ռուսաստանում դժվարություններ առաջանան։ Բայց դրա հետ միասին մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն իրավիճակի վրա ազդելու ոչ մի ռեսուրս չունի։ Մանավանդ հիմա՝ 44-օրյա պատերազմում մեր պարտությունից հետո։ Դրա համար այս փուլում հայկական կողմը պետք է փորձի գոնե մեկ հարցում իրեն ճիշտ պահել՝ լրացուցիչ խնդիրներ չստեղծել Ռուսաստանի համար Հարավային Կովկասում։ Իսկ հետագայում՝ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը վերականգնի իր ռազմական պոտենցիալը։ Վստահ եմ՝ լավ և իրապես հայամետ դիվանագիտություն ունենալու դեպքում մենք շատ հեշտ կապացուցենք Ռուսաստանին դրա անհրաժեշտությունը հենց իր՝ մեր հարավային դաշնակցի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում