37-ամյա կինը կալանավորվել է թմրամիջոցներ իրացնելու համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների հետ, մարտի 23-ին Վարդանանց փողոցից և Մաշտոցի պողոտայից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 4 տղամարդու։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ափիոն, մարիխուանա, մեթամֆետամին, քացախաթթվի անհիդրիդի լուծույթներ, օգտագործված ներարկիչներ, կաթուցիչներ, թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված մետաղյա իրեր և ծալովի դանակ:
Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Նշանակվել են փորձաքննություններ: Քրեական գործի շրջանակում երկու անձ ձերբակալվել են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բազմակողմանի ստուգումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածներին թմրամիջոցներն իրացրել է Երևանի Կոնդ թաղամասում բնակվող մի կին։ Շուտով պարզվեց, որ նրա ամուսինը հետախուզվում է ապօրինի թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով:
Մարտի 25-ին 37-ամյա կնոջ տան խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցներ օգտագործելու համար նախատեսված կոլբաներ, մեթադոնով լցված պլաստմասսե 7 շիշ, էլեկտրոնային կշեռք, օգտագործված ներարկիչներ, թմրամիջոցի հետքերով տարաներ ու սրվակներ։
37-ամյա կինը, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ձերբակալվեց, ապա մարտի 27-ին կալանավորվեց:
Կատարվում է նախաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում