Երևանում քաղաքացին 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը

Երևանում քաղաքացին 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից և հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, ով վայր է ընկել Արաբկիր 17 փողոցում կառուցվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի վերելակի համար նախատեսված հատվածից և հայտնվել շախտայի մեջ: Այդ մասին հիվանդանոցում հայտնել են շինարարությունում աշխատող վիրավորի գործընկերները: 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ ախտորոշվել է «կատատրավմա, գլխուղեղի ցնցում, արմնկ ելունի բաց կոտրվածք, աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում